Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարար Պապիկյանը ծանոթացել է նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով։
24/12/2025
ԱվելինԷդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ
Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործման առումով՝ շնորհակալություն հայտնելով հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։ Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով։
24/12/2025
ԱվելինՆերկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով: Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը և հեռանկարները:
23/12/2025
ԱվելինՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը
Դեկտեմբերի 8-12-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF): Միջոցառման նպատակն էր խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում կառավարման, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության ոլորտներում՝ միջազգային նորմերին, արժեքներին և փորձին համահունչ։ Քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր, ներկայացվել է մի շարք երկրների լավագույն փորձն այդ բնագավառում։
23/12/2025
ԱվելինՏեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
Դեկտեմբերի 18-ին ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Այն ներկայումս համալիր բնույթ ունի և ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նոր ուղղություններ։ Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում։
18/12/2025
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում: Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
18/12/2025
ԱվելինԵրևանում կազմակերպվել է «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համատեղ կազմակերպել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ։ Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Միջոցառումն իրականացվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։
17/12/2025
ԱվելինՏարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դեկտեմբերի 17-ին որպես զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշ՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ: Դրոշը տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Մինասյանին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
17/12/2025
ԱվելինՀայտարարություն
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տենոր, բարիտոն, տուբա (բաս) և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով. ա) 2026 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 1 և թիվ 2 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, բ) 2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 3 և թիվ 4 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, գ) 2026 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզերի զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։ 2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի բոլոր զինվորական կոմիսարիատների պարարվեստի մասնագետ զորակոչիկների հետ։ Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։
17/12/2025
ԱվելինՏեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները
Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ, որից հետո պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել տնօրինության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էրիկ Պատիեի հետ։ Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025 թվականին իրականացված աշխատանքները, և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությանը ռազմավարական բովանդակություն և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու կարևորությունը: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Որոշում է կայացվել հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
17/12/2025
Ավելին
Հայերեն
English
Русский