ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական ներկայացուցիչները արտերկրում

ՀՀ ռազմական ներկայացուցիչները գործընկեր երկրներում և միջազգային կազմակերպություններում համակարգում են այդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, դրա հետ կապված կազմակերպչական և վերլուծական խնդիրները, ապահովում են ընդունող երկրների պաշտպանական գերատեսչությունների և կազմակերպություների համապատասխան մարմինների հետ ՀՀ մշտական կապը, ինչպես նաև անմիջականորեն ներկայացնում են ՀՀ պաշտպանական գերատեսչության և զինված ուժերի շահերը: 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ունի ռազմական ներկայացուցիչներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (Մոսկվա, ՌԴ), ՆԱՏՕ-ի կենտրոնոկայանում (Բրյուսել, Բելգիա), Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարությունում (Մոնս, Բելգիա), և Վերափոխումների Դաշնային հրամանատարությունում (Նորֆոլկ, ԱՄՆ):

Հայաստանի Հանրապետությունն ունի նաև հավատարմագրված ռազմական կցորդներ այնպիսի գոծրընկեր երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Հունաստանը, Կիպրոսը ու Գերմանիան:

Ռազմական դոկտրին

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը /ընդունվել է 2007թ. դեկտեմբերի 25-ին/ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմունքները ներառող պաշտոնական հայեցակետերի համախումբն է: Դոկտրինը սահմանում է ռազմական անվտանգության ռազմաքաղաքական հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը, ռազմական անվտանգության ապահովման համակարգը և համակցում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` պետության ռազմական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեությունը:

Դոկտրինը նախանշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ու արդիականացման ուղղությունները հասարակական կյանքի առանձին ոլորտների զարգացմանը համընթաց` ձևավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունն ու ռազմական շինարարությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: 

Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այն նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետևողական պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման միջոցով Ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Ազգային անվտանգության ռազմավարություն

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը /ընդունվել է 2007թ փետրվարի 7-ին/, ՀՀ ազգային անվտանգությունը և դրա ապահովման հիմնական ուղղություները սահմանող փաստաթուղթ է: Ռազմավարությամբ սահմանվում են Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար արժեքները (անկախությունը, պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը եւ միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը, բարեկեցությունը), ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքները (պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, իրավունքի գերակայության ապահովումը, ժողովրդավարական արժեքների արմատավորումը, դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը, զինված ուժերի մարտունակությունը, անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը, սոցիալական արդարության ապահովումը), ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման գործունեությանը վերաբերող այլ համապետական խնդիրներ: 

Ազգային Անվտանգության ռազմավարությունում նշվում են ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքները, որոնք ունեն ներքին և արտաքին բնույթ: Դրանք են` պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը:

Պաշտպանական բարեփոխումներ

ՀՀ պաշտպանական բարեփոխումները ՀՀ զինված ուժերի գործունեության ընթացակարգերի, կառուցվածքի և խնդիրների վերափոխմանն ուղղված միջոցառումների ամբողջությունն է: ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկողության և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի, ներառյալ զինված ուժերի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովել Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը, պաշտպանելու ազգային անվտանգության հիմնարար արժեքները, օպերատիվ արձագանքել բոլոր ճգնաժամային իրավիճակներին և ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը: 
Ուստի ՀՀ պաշտպանական բարեփոխումների գերխնդիրը մարտունակությամբ հակառակորդի զինված ուժերի նկատմամբ ՀՀ զինված ուժերի գերազանցության ապահովումն է, զինված ուժերում այնպիսի չափանիշների ստեղծումը և ներդրումը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի ազգային անվտանգության առանձնահատկություններին` ամբողջությամբ լուծելով ռազմական անվտանգության ազգային խնդիրները, միաժամանակ փոխգործակցելիության բավարար հնարավորություններ կունենան` Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը համարժեք միջազգային անվտանգության ապահովման չափաբաժին ստանձնելու համար:

Պաշտպանության ռազմավարական վերանայում

ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հետևաբար, պաշտպանական բարեփոխումների համար: Պաշտպանության ռազմավարական վերանայումն իրականացվում է անվտանգության միջավայրի վերլուծության և սպառնալիքների երկարաժամկետ գնահատման միջոցով: 

Պաշտպանության ռազմավարական վերանայումը հնարավորություն է տալիս հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը: Այն զգալիորեն բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը: 

Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով և ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով: 

Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից: Ներկայումս իրականացվում է ՊՌՎ վերջին /5-րդ/ փուլը:

Հայաստան-ՆԱՏՕ. ԱԳԳԾ

Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը համակարգում է Հայաստանի Հանրապետության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության միջև իրականացվող համագործակցությունը: Առաջին ԱԳԳԾ-ն Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է 2005 թվականի վերջին: ԱԳԳԾ-ի հիմնական նպատակներ են` ամրապնդել Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությունը և աջակցություն ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին: 

ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության հիմնական ոլորտներն են`
• համագործակցություն անվտանգության ոլորտում, 
• պաշտպանական եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներ, 
• արտակարգ իրավիճակների պլանավորում, 
• գիտություն և բնապահպանություն, 
• հանրային տեղեկատվություն: 

Բացի այդ, ներկայումս ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հիմնական ուղղություններից են` ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, ՀՀ ինտեգրումը Եվրոպական կառույցներ, ՀՀ մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղություններ: