Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության զգացումը: Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:
14/05/2024
ԱվելինՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան իր դռներն է բացում շրջանավարտների համար
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան իր դռներն է բացում հանրակրթական դպրոցների, վարժարանների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար՝ առաջարկելով բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն:
11/05/2024
ԱվելինՀայտարարություն
Լրատվամիջոցներից մեկում «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել: Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից:
11/05/2024
ԱվելինՌազմական ակադեմիայի պետը մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին
Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։ Համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
10/05/2024
ԱվելինԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի
Մայիսի 9-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում տեղի է ունեցել «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ամփոփման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը։ Զորավարժության փակման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը: Ամփոփման արդյունքներով՝ ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի, իսկ զորավարժությանը մասնակից, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասի կողմից։ ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը նաև հրավեր է ստացել մասնակցելու հաջորդիվ կայանալիք նմանատիպ զորավարժությանը, որի պլանավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից համապատասխան ընթացակարգերով նաև ենթարկվել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման, որի նախնական արդյունքներով հոսպիտալը ճանաչվել է «Փոխգործակցելի», ինչը հնարավորություն է ընձեռում դաշտային շարժական հոսպիտալը հետագայում ներգրավել խաղաղապահ բազմազգ տարբեր առաքելությունների։ Զորավարժության փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բժշկական ծառայության ղեկավարների հետ, և քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:
10/05/2024
ԱվելինՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ փոփոխություններին, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումներին։ Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արձանագրված խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ։
10/05/2024
ԱվելինԱնցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա
09/05/2024
Ավելին
Հայերեն
English
Русский