Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները: Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

17/12/2024

Ավելին

Պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ: Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:

17/12/2024

Ավելին

Հայտարարություն

2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, գալարափող, շեփոր, տենոր, բարիտոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 1 և թիվ 2 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, բ) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 3 և թիվ 4 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, գ) 2025 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզերի զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։ 2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2025 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի բոլոր զինվորական կոմիսարիատների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։ Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

17/12/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ:

16/12/2024

Ավելին

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

15/12/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:

12/12/2024

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

12/12/2024

Ավելին

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։ Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։

12/12/2024

Ավելին

Հայտարարություն

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն: Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

12/12/2024

Ավելին

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ուսանողները

Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Քննարկվել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ, ԱԳՆ և ԱԽ գրասենյակի ներկայացուցիչները ավագ դասընթացի ուսանողներին ներկայացրել են Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ բանախոսություններ։ Դեկտեմբերի 11-ին պաշտպանական քոլեջի պետ Մաքս Արթուր Նիլսենը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են կրթօջախի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ Հանդիպման արդյունքներով նախանշվել են նաև ռազմակրթական երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։

11/12/2024

Ավելին

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով: Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

10/12/2024

Ավելին