Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

11/07/2023

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է զորամասեր

Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից: Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել սահմանված նշաձողը, հնարավորություն կընձեռվի՝ ավելի լավ պատրաստվելու և կրկին ատեստավորվելու։ Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը նախարարին զեկուցել է քննությունների ընթացքի և առաջին երկու օրերի նախնական արդյունքների վերաբերյալ։

11/07/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին: Նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից: Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար: Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները:

11/07/2023

Ավելին

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

11/07/2023

Ավելին

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով: Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները:

10/07/2023

Ավելին

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

09/07/2023

Ավելին

Տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հուլիսի 5-ին Կիպրոսի Հանրապետությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։

05/07/2023

Ավելին

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում

Սահմանադրության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձրաստիճան զինվորականներին շնորհավորել է Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել հետագա ծառայության ընթացքում:

05/07/2023

Ավելին

ՀՀ նախագահի հրամանագրերով շնորհվել են զինվորական կոչումներ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

05/07/2023

Ավելին

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։ Հանդիպման ընթացքում հնչել են զեկույցներ՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվության ապահովման, զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության, հանրային իրազեկման, զինված ուժերի առօրյայի լուսաբանման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և ոլորտին վերաբերող այլ ուղղություններով կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է մի շարք հանձնարարականներ և նախանշել ուղղություններ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

04/07/2023

Ավելին

Ռազմական ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թ-ի առաջին հինգ ամիսների ընթացքում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում տարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում քաղաքացիները ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, սվին-դանակներ և այլն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

30/06/2023

Ավելին

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։ Համաժողովին ներկա էին զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ Ներկաները նախ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել համաժողովի շրջանակում բացված ժամանակավոր ցուցադրության արժեքավոր նմուշներին: Համաժողովի ընթացքում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային արխիվի և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ներկայացուցիչներն անդրադարձել են Երկրորդ աշխարհամարտին հայերի ծանրակշիռ մասնակցությանն ու ավանդին, հանգամանալից ներկայացրել չհանրահռչակված, պատերազմի` մինչև օրս անհայտ էջեր ու հանրությանն անհայտ մասնակիցների սխրանքներ։ Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն ու խիզախությունը գնահատելը և նրանց վաստակն արժևորելը ժամանակի հոլովույթում առանցքային նշանակություն ու կարևորություն ունեն։ Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն։

30/06/2023

Ավելին