Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին: Նախարարը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար: Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին:

16/07/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր: Նախարար Պապիկյանը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության մասին: Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնում, հետևել շտաբային նոր շենքի շինարարությանը։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Սուրեն Պապիկյանը նաև ծանոթացել է վրանային ավանի կահավորմանը, թիկունքային ապահովմանը: Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար: Ավելի ուշ Սուրեն Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամասերից մեկը, շրջել մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ընթացող շինարարական աշխատանքներին: Զորամասի հրամանատարը նախարար Պապիկյանին զեկուցել է անձնակազմի համալրվածության, մարտական պատրաստության ծրագրի, անցկացվող բազմաթիվ վարժանքների մասին: Նախարարը սպայակազմի հետ քննարկել է զորանոցների նորոգման, կահավորման, ուսումնական նոր ենթակառույցների ստեղծման, ինչպես նաև ուսումնական արգելագոտիների ստեղծման հարցեր:

16/07/2024

Ավելին

Հայտարարություն

Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել: ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից:

15/07/2024

Ավելին

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում: Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»։

15/07/2024

Ավելին

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

12/07/2024

Ավելին

Վրաստանի պաշտպանության նախարարն անվանական եղևնի է տնկել

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

12/07/2024

Ավելին

Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Իրակլի Չիկովանիի հանդիպումը

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի համագործակցության պլանը։

12/07/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իրակլի Չիկովանիին

Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

12/07/2024

Ավելին