Պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի, զորամիավորումների հրամանատարների զեկույցները՝ պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու, ի հայտ եկած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու համար հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։ Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

29/08/2023

Ավելին

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

29/08/2023

Ավելին

Զինվորների թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։ Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը:

28/08/2023

Ավելին

ԲԿՄԱ ֆուտբոլային թիմը հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում

Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլային թիմն արդեն երրորդ տարին է, ինչ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում: 2023 թվականի առաջնության ընթացքում ԲԿՄԱ-ն բազմաթիվ հաղթանակներ տոնեց: «Արարատ» թիմին 2:0 հաշվով հաղթելուց հետո ակումբը բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: ԲԿՄԱ-ի հաջորդ մրցակիցը «Արարատ-Արմենիա»-ն է։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։

28/08/2023

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀ վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:

28/08/2023

Ավելին

Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

Օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Ելույթ ունեցողները նշել են, որ առաջին անգամ անցկացված միջոցառումն ամրապնդեց համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։

28/08/2023

Ավելին

Հաղորդագրություն

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

28/08/2023

Ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում

Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

28/08/2023

Ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

27/08/2023

Ավելին

Հաղորդագրություն

Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

27/08/2023

Ավելին

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է:

26/08/2023

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

24/08/2023

Ավելին