Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:

02/04/2024

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

01/04/2024

Ավելին

ՊՆ վարչական համալիրում անցկացվում են փորձի փոխանակման վարժանքներ

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ: Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

01/04/2024

Ավելին

Հայտարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում:

31/03/2024

Ավելին

Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը: Բրիտանական կողմը ներկայացրել է այդ ոլորտում առկա փորձն ու մեթոդաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձագիտական և մեթոդական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:

29/03/2024

Ավելին

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

29/03/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:

28/03/2024

Ավելին

Հայաստանի նկարիչների միության անդամներն այցելել են զորամաս

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, փոխնախագահ Վահագն Գալստյանը, միության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանը, միության անդամներ Արա Հայթայանը, գեղանկարիչ Դավիթ Քոչունցը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։ Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշանկյանը։ Նկարիչները ծանոթացել են զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, զրուցել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նկարիչները ծանոթացել են նաև ծառայության պայմաններին և արվեստի ոլորտում հատուկ հետաքրքրություն ունեցող զինվորների նախասիրություններին։ Հյուրերը երախտագիտություն են հայտնել զինվորներին՝ ծառայության համար, մաղթել բարի ծառայություն և հորդորել ջանք ու եռանդ չխնայել՝ կրթվելու և հայրենիքին պատվով ծառայելու համար։

26/03/2024

Ավելին

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։ Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

25/03/2024

Ավելին

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:

21/03/2024

Ավելին