Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:

13/11/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

12/11/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են հարավարևմտյան սահմանագոտի

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին: Այցելության առաջին օրը ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցել և ընթացիկ աշխատանքների մանրամասները ներկայացրել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: Այնուհետև Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին, նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հաջորդիվ՝ նոյեմբերի 11-ին, բանակային կորպուսի հրաձգարաններից մեկում լրագրողների համար կազմակերպվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք: Թիրախներն անվրեպ խոցած լրագրողներին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրել է պատվոգրերով:

11/11/2023

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

09/11/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

09/11/2023

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը: Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):

06/11/2023

Ավելին

Հետախույզի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս: Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, հիշեցնելով «Մեկ անգամ հետախույզ, ընդմիշտ հետախույզ» կարգախոսը, ընդգծել է այն մեծ պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրված է առանց փառքի իրավունքի սխրանքներ գործող զորակազմի ուսերին: Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը: Ելույթներով հանդես եկան նաև պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը: Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Հետմահու պարգևատրված զինծառայողների պարգևները նախարարը հանձնել է նրանց ընտանիքների անդամներին:

06/11/2023

Ավելին

Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է

Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր

05/11/2023

Ավելին

Ռազմական ոստիկանությունը հորդորում է հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու։ ՌՈ-ն միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

01/11/2023

Ավելին