Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին

05/03/2023

Ավելին

Ամփոփվել են Զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները

Մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն: «Մեր աշխատանքը միտված է մեկ նպատակի՝ նեցուկ լինել կարգապահ, ամուր և ուժեղ բանակ ունենալու տեսլականին», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և կարևորել զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի՝ ինչպես զինվորական կրթական հաստատություններ, այնպես էլ զորամասեր այցերը, որոնց նպատակն է քննարկման ձևաչափով ցույց տալ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի սահմանը, ինչպես նաև այն բոլոր անբարենպաստ հետևանքները, որոնք կառաջանան անթույլատրելիի սահմանը հատելու դեպքում: «Սա է Զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ՝ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազը:

04/03/2023

Ավելին

Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը զորամասեր

N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ: Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար: Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար:

02/03/2023

Ավելին

Պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին: Շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ: Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին: Առանձնազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է սպաների սոցիալ-կենցաղային, բնակարանների ապահովման պայմաններով: Պաշտպանության նախարարը հորդորել է լրացուցիչ մարզումներով բարելավել ֆիզիկական վիճակը, մարտավարամասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններում առավելագույն միավորներ վաստակելու համար: Նախարարը բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է բարոյահոգեբանական զրույցների միջոցով զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:

02/03/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

02/03/2023

Ավելին

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը և կարգապահությանը

Մարտի 1-ին N զորամաս այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ: Առաջնագծի պահպանության անմիջական պատասխանատուները զեկուցել են մարտական դիրքերի վերազինումների, ինժեներական հագեցվածության, թիկունքային ապահովման աշխատանքների վերաբերյալ: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը ներդնելու է բոլոր ջանքերը հայրենիքի պաշտպանության, ամրաշինական կառույցների արդիականացման ուղղությամբ: Մարտական դիրքերի ավագները նախարար Պապիկյանին զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով: Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը, զենք-զինամթերքի հետ առնչվելիս, ինչպես նաև հետևել հրդեհային անվտանգության պահանջներին: Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստորեն հետևել կարգապահությանը, նշելով, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ զորքերում արատավոր երևույթները բացառելու համար:

01/03/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ

Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները: Նախարար Պապիկյանը զինվորների հետ զրուցել է զինծառայության կազմակերպման, մարտական հերթապահության կրման, թիկունքային ապահովման մասին: Սուրեն Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ԶՈւ անձնակազմի հանդերձանքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ նախագծման փուլում գտնվող համազգեստը տարբերվելու է որակապես և տարբերանշաններում ազգային տարրերի ներդրմամբ: Այնուհետև պաշտպանության նախարարը զորամիավորման և զորամասի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, զրուցել հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների, նրանց անմիջական հրամանատարների հետ: Սուրեն Պապիկյանը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, խրամատների, դիտակետերի, դիրքային կառույցների կահավորմանը, ինժեներական աշխատանքներին, կացարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ժամկետային զինծառայողներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի զգոն պահպանության համար: Նախարարը հրամկազմին հանձնարարել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին խրախուսել լրացուցիչ արձակուրդով:

01/03/2023

Ավելին

Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր

Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին: Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ: Այնուհետև նախարար Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով: Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա: Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին:

01/03/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, զեկուցելով, որ դրանք շարունակական են լինելու:

28/02/2023

Ավելին

Քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

28/02/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ

Փետրվարի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ: Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը: Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը: Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համար:

28/02/2023

Ավելին