Հաղորդագրություն
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
18/11/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանը և Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
17/11/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։ Այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
17/11/2023
ԱվելինՎրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
16/11/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարին
ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։
14/11/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:
13/11/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
12/11/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են հարավարևմտյան սահմանագոտի
Նոյեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին: Այցելության առաջին օրը ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցել և ընթացիկ աշխատանքների մանրամասները ներկայացրել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: Այնուհետև Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին, նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հաջորդիվ՝ նոյեմբերի 11-ին, բանակային կորպուսի հրաձգարաններից մեկում լրագրողների համար կազմակերպվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք: Թիրախներն անվրեպ խոցած լրագրողներին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրել է պատվոգրերով:
11/11/2023
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
09/11/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
09/11/2023
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը: Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):
06/11/2023
Ավելին
Հայերեն
English
Русский