ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

8 February, 2008 00:00
Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի ու ՊՎԳ գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատման այցի վերաբերյալ

Ս.թ. փետրվարի 8-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության եւ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման հանձնաժողովի համատեղ նիստով եզրափակվեց Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի եւ «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատման գործընթացը: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորում էին ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան ինտեգրացիայի եւ գործընկերության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկան եւ Պաշտպանության քաղաքականության եւ ծրագրավորման դեպարտամենտի ուժերի պլանավորման վարչության տնօրեն Ֆրանկ Բոլանդը: Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում ներգրավված պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվեց քաղաքական, օրենսդրական, դատաիրավական եւ ռազմական բարեփոխումների ընթացքը: Գոհունակությամբ նշվեց, որ Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունումից հետո մշակվել եւ հաստատվել է Հայաստանի ռազմական դոկտրինը: Հավանության արժանացնելով կատարված աշխատանքները` ՆԱՏՕ-ի պատվիրակությունը որպես առաջնահերթություն կարեւորեց ազատ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացումը, մամուլի ազատության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը եւ բարեփոխված օրենքների կիրարկումը, պաշտպանական համակարգի ռազմավարական վերանայումը: Հիմնվելով գնահատման այցի արդյունքների վրա` նախատեսվում է նաեւ վերամշակել ՀՀ ԱԳԳԾ-ն, քանի որ ծրագրի բազմաթիվ նպատակներ արդեն իրականացվել են: