ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը մասնակցեց անգլերեն լեզվի ուսուցման հերթական լսարանի բացման արարողությանը

15 February, 2008 00:00
Ս.թ. փետրվարի 15-ին Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում բացվեց արդիականացված և ժամանակակից սարքավորումներով հագեցած անգլերեն լեզվի ուսուցման լսարան։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, որն իր ողջույնի խոսքում կարևորեց լսարանի դերը հայ զինվորների և սպաների շրջանում անգլերեն լեզվի ուսուցման գործում. «ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար հայ սպաներին անհրաժեշտ է իմանալ անգլերեն, քանի որ մենք անցկացնում ենք համատեղ զորավարժություններ, ինչպես նաև խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում Իրաքում և Կոսովոյում, հետագայում հնարավոր է նաև աշխարհի այլ թեժ կետերում։ Նախարարն իր խոսքում նշեց նաև, որ անգլերեն լեզվի ուսուցումն արտասահմանում բավական թանկ է, և, որ առավել մատչելի է այն կազմակերպել մեր հանրապետությունում.« ԱՄՆ կառավարության «Միջազգային ուսուցում և դասընթացներ» ծրագրի շրջանակներում արդիականացված այս կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և միանգամայն համապատասխանում է անգլերեն լեզվի դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտ չափանիշներին»: Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն, իր հերթին նշեց, որ լսարանը ստեղծելու համար ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 93 հազար դոլար. «15 համակարգիչներից բաղկացած ցանցը միացված է դասախոսի համակարգչին, ինչը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար: Այս ծրագրի շրջանակներում 2003 թվականից ի վեր ստեղծվել է երեք նմանատիպ լսարան, իսկ ՀՀ զինված ուժերի 110 սպաներ անգլերեն լեզվի դասընթացներ են անցել ԱՄՆ-ում: Այս նախագծի շրջանակներում Ռազմաավիացիոն ինստիտուտի երկու դասախոսներ կվերաորակավորվեն ԱՄՆ-ում»։ ՀՀ զինված ուժերում արդեն գործում է 10 նման լսարան, և, ըստ Մ.Հարությունյանի, անհրաժեշտություն կա ստեղծել ևս տասը։