Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար

8 Мая, 2017 15:51
Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ միջազգայնորեն ճանաչված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրով:

2017  թվականից Դիլիջան քաղաք տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ստեղծված են ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հրաշալի պայմաններ ուսումնառության և ազատ ժամանցի համար։ Ռազմամարզական վարժարանի սաները, մասնավորապես, տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Վարժարանի բարձրակարգ ճաշարանում մատուցվելու է որակյալ սնունդ։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Ուսումնական շաբաթը երկուշաբթիից-ուրբաթ է։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում։

Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 26-ը պետք է ներկայացնեն դիմում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով pn.monte@mil.am էլեկտրոնային հասցեին։ (ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)

ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում (ծնողի և դիմորդի կողմից, լրացվում է առցանց կամ ՀՀ պաշտպանության նախարարությունում, հասցե՝ ք. Երևան, Բագրևանդի 5),

2. Տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացվում է անձամբ, հաշվառման պոլիկլինիկայից),

3. Ձև 63 և 26 (կնքված, հաշվառման պոլիկլինիկայից),

4. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),

5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը, (10-րդ և 11-րդ դասարանցիները նաև գնահատականների ամփոփագիրը)

6. Ծննդյան վկայականը և պատճենը,

7. 3x4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի),

9. Բժշկական զննում և հետազոտություն,  անհրաժեշտ փաստաթղթեր (իրականացվում և տրվում է ՀՀ ՊՆ համապատասխան բժշկական  հաստատությունում).

Ընդունելության քննություններ հանձնելուց առաջ դիմորդներն անցնում են բժշկական զննում և հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ է։ Բժշկական զննման և հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին: Դիմորդների բժշկական զննումը և հետազոտությունը կազմակերպում է ՀՀպաշտպանության նախարարությունը 2017թ. հունիսի 27-ից 30-ը:

Ֆիզիկական պատրաստության քննությունը կազմակերպվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և անցկացվելու է 2017թ. հուլիսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում:

Առարկայական ընդունելության քննություններն անցկացվում են մրցութային կարգով, հետևյալ առարկաներից.

• Հայոց լեզու

• Մաթեմատիկա

Առարկայական քննությունները կազմակերպում և անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը հուլիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում՝ «Այբ» դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11:

Առարկայական քննությունները ավարտելուց հետո՝ հուլիսի 12-ից 17-ը ընկած ժամանակահատվածում, հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է հարցազրույց։

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելությունն ամփոփվում է ընդունող հանձնաժողովի կողմից հուլիսի 18-ից մինչև հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտ փաստաթղթեր, տեղ, ժամ) հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղակայված ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հեռախոսով, էլ. կայքի միջոցով։


Հասցե՝ ք. Երևան, Բագրևանդի 5

Էլ. հասցե՝pn.monte@mil.am

Հեռ.՝ /010/ 29 – 43 - 90, կամ թեժ գիծ՝ 1-28

  • Поделиться