Ս.ՕՀԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՊԱՀ

4 Июня, 2008 00:00
Ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Հայաստանի պետական ագրարային համալսարան, որտեղ հանդիպեց ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ի դեպ, սա նախադեպը չունեցող հանդիպում էր, քանի որ համալսարանը, իր գոյության պատմության ընթացքում, առաջին անգամ էր պաշտպանության նախարար հյուրընկալում. համալսարան են այցելել նույնիսկ Կենտկոմի քարտուղարներ, Հանրապետության Նախագահ, բայց պաշտպանության նախարար` երբևէ:

Համալսարանի ռեկտոր Ա.Թարվերդյանը, շնորհավորելով Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ողջունեց վերջինիս աննախադեպ այցը համալսարան` իր ելույթում մասնավորապես ասելով. «Մեծարգո նախարար, սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, հյուրեր Այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանի կյանքում աննախադեպ և եզակի իրադարձություն է. մեր հյուրընկալ կամարներն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Պատմականորեն մեր ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ դարերի ընթացքում հայ մարդը երազել է դառնալ իր երկրի զինվորը, ավաղ, նույնիսկ հնարավորություն չենք ունեցել զինվորագրվել մեր ազգային բանակին: Պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ երկար տարիներ լինելով օտար լծի տակ, հայ ժողովրդի մոտ երկակի վերաբերմունք է դրսևորվել զինվորի, սպայի, զորավարի հանդեպ: Եվ եղել են պատմական ժամանակներ, երբ հայ մարդը զինվորագրվել է օտար երկրների բանակներին` մասնակցելով այլ երկրների մղած պատերազմներում: Իսկ պատմությունից հայտնի է, որ հայ զինվորները, հայ սպաները որ երկրի բանակում էլ լինեն` միշտ բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը: Վերջին հազարամյակի ընթացքում պատմությունը մեզ հնարավորություն ընձեռեց 1918թ.-ին ցույց տալ հայ զինվորի, հայ սպայի հմտությունն ու ուժը, ապացուցել, որ պատերազմը հաղթում են ոչ թե թվաքանակով, այլ ոգով, խելքով և նվիրվածությամբ այն գաղափարին, որի համար ելել են կռվի: Վերջերս նշեցինք Սարդարապատի հերոսամարտի 90 ամյակը. քիչ ժողովուրդներ կան, որ կարող են այսօր դնել սեղանին պատմություն, որը նման է այս հերոսամարտին. փառահեղ հաղթանակ` անհամամեմատելի պայմաններում, որը դարձավ մյուս բոլոր հաղթանակների ակունքն ու շարունակությունը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ զինվորը նույնությամբ կռվում էր պարսիկների դեմ` հոգու խորքում, սակայն, փայփայելով մեկ իղձ. եթե երբևէ հարկ լինի պատերազմելու, ապա միայն հայրենիքի ազատության և անկախության համար: Եվ այդ իղձերն իրենց պոռթկումը ստացան 90-ականների սկզբին` Արցախի ազատագրական պայքարի ժամանակ: Երկու ծանր գործ սկսվեց` պատերազմել և միաժամանակ ստեղծել բանակ, և այդ բանակի ճարտարապետներից, կառուցողներից մեկն էլ այսօր մեր մեծարգո հյուրն է, որը, մասնակցելով արցախյան բոլոր մարտերին, կանգնած է բանակաշինության ակունքներում և այսօր էլ ղեկավարում է այդ գործը: Կուզենայի հանգամանորեն ներկայացնել մեր հյուրին, որը սակայն իր պատգամով զարմանալիորեն սահմանափակում է մեզ. ընթերցեմ մի քանի տող նրա` «21-րդ դարի բանակը» հեղինակային գրքից, որը ոչ թե սովորական գիրք է, այլ պատգամների ժողովածու. «Յուրաքանչյուր մեծարանք պետք է ունենա իր չափն ու սահմանը: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ մարդուն չափից ավելի գովաբանելը նրան տանում է դեպի անդունդ, և, երբ նման խոսքեր հնչում են իմ հասցեին, ներքուստ մի պահ ինքս ինձ սաստում եմ` զգաստացիր, սա արդեն դու չես: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող փոխարինել այն գնահատականին, որը տրվում է հարազատ ժողովրդի կողմից: Ամեն ոք պետք է առաջին հերթին լինի իր խղճի ստրուկը, նոր միայն` փառքի»: Ագրարային համալսարանը երկար տարիներ ունեցել է զինվորական ամբիոն, պատրաստել է սպաներ խորհրդային բանակի համար: Այսօր մեր կապը հայկական բանակի հետ շատ սերտ է. մեր համալսարանի 1331 շրջանավարտներ այսօր ծառայում են մեր բանակում,ինչը ագրարային համալսարանի համար չափազանց պատվաբեր է: Մենք զորամասերից պարբերաբար ստանում ենք շնորհակալագրեր` մեր սաների մատուցած ծառայությունների համար»: Այնուհետև ուսանողներին ողջունեց Ս.Օհանյանը` նշելով, որ այս այցն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար. «Ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծագույն պատիվ է այստեղ գտնվել, հատկապես, երբ իմացա, որ ձեր համալսարան պաշտպանության նախարար առաջին անգամ է այցելում: Հպարտության պահեր եմ ապրում, քանի որ հնարավորություն ունեմ առնչվելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որոնք կյանքի մեծ փորձ ունեն և, որ երկար տարիներ մենք, թեկուզև ոչ այս բուհում, բայց ձեզնից ենք սովորել: Նաև հպարտություն է ելույթ ունենալ երիտասարդների առջև, քանի որ մեր ժողովրդի ապագան ձեր ձեռքերում է և եթե աշխարհը առաջընթաց է ապրում, ապա միայն ձեր շնորհիվ: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այսօրվա երիտասարդներն էլ, ինչպես իմ սերնդակիցները, նույնկերպ պաշտպանելու են մեր հայրենիքը, և ավելին, որովհետև նրանք ավելի գրագետ, ավելի կիրթ և ավելի զարգացած են լինելու` պատրաստ ետ մղելու ցանկացած ագրեսիա: Հարկ է հիշել Նժդեհին, որն ասում է` հաղթանակները պտղաբերում են, եթե դաշտերը ոռոգված են արյամբ: Ես կավելացնեմ միայն, որ խաղաղ ժամանակ հաղթանակները պտղաբերում են, եթե դաշտերը ոռոգված են ժողովրդի քրտինքով: Այս հանդիպումը ևս անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որի հիմնական նպատակն է սերտացումը երկու` Բանակ-ԲՈՒՀ կառույցների միջև, որովհետև երկու կառույցներում էլ կան բազմաթիվ նմանություններ: Բանակում ևս հիմնական գործառույթն ուսուցումն ու դաստիարակությունն է, որն ընկած է զինվոր կերտելու հիմքում: Ձեռք բերվածը մատաղ սերնդին փոխանցելն իրականանում է ուսուցման միջոցով` դպրոցներում, բուհերում: Փառք ու պատիվ այն մանկավարժներին, ովքեր մասնակցեցին մեր ազատագրական պայքարին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն այսօրվա և որոնք շարունակում են իրենց սուրբ առաքելությունն այսօր` կերտելով մեր նորօրյա պատմությունը: Այն ստորաբաժանումները, որոնց հրամանատարները եղել են մանկավարժներ, ունեցել են համապատասխան կրթական և գիտական աստիճաններ, ավելի հմուտ են ղեկավարվել և ավելի գրագետ են իրականացրել իրենց առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները: Ինչքան սերտ լինի կապը բանակի և կրթության համակարգի միջև, այնքան լավ հիմքերի վրա կլինի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը ցանկացած պետության հերթական բաղկացուցիչ մասն է: Այս ազգային ազատագրական շարժման մի քանի կարևոր առանձնահատկություններից է միասնությունը, հայ ժողովրդի միասնությունը. միահամուռ ուժերով կարողացանք կռվել, հաղթանակ տանել` միաժամանակ ստեղծելով կանոնավոր, կարգապահ ստորաբաժանումներ: Չափազանց կարճ ժամանակահատվածում ենք կարողացել ունենալ թե անկախ հայրենիք, և թե բանակ. այսօր մեր բոլոր հրամանատարներն էլ արդեն կադրային են և ունեն համապատասխան կրթություն: Մյուս առանձնահատկությունն այն է, որ մեր հրամանատարները օրինակ են եղել մարտական գործողությունների. խոսել մի գաղափարի մասին և անմիջապես ինքդ չլծվել այդ գաղափարի իրականացմանը, նշանակում է քո իսկ գաղափարն արհեստականորեն տանել դեպի անկում: Հրաման տալով` նախ ինքդ պետք է կատարես այդ հրամանի` քո մասնաբաժինը` այդպիսով նաև օրինակ ծառայելով մյուսներին: Արցախյան գոյապայքարի ընթացքում կատարված բոլոր սխրագործությունները պետք է փոխանցվեն մատաղ սերնդին, այնպես, ինչպես մեր հայրերի և պապերի սխրանքները Մեծ հայրենականի ժամանակ փոխանցվել են մեզ: Տարիներ առաջ, Արցախի Մաճկալաշեն գյուղում մայրերից մեկը` իր երկրորդ որդու հուղարկավորության ժամանակ հպարտությամբ ասել է. «Երկրորդ որդուս եմ մատաղ տալիս մեր ազգին, բայց վայ ձեզ, եթե հանկարծ թուրքը նորից մտնի և պղծի այն հողը, որտեղ թաղված են մեր որդիները»: Սա լոկ զավակ կորցրած մոր խոսքեր չեն. սա պատգամ է բոլորիս` պահել և պահպանել այն` ինչ ձեռք ենք բերել: Մեր զոհված ազատամարտիկները, ընկերները մեզ ուղղակի զրկել են սխալվելու իրավունքից: Մեր բանակն այսօր լիովին կատարում է իր առջև դրված խնդիրները: Մեծ որակական առաջընթաց ենք ապրել թե հետպատերազմյան վերականգնողական շրջանում, և թե հատկապես 2000թ.-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում` ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. բարձր հիմքերի վրա են դրվել ուսուցման և դաստիարակության խնդիրները, մեծ աշխատանք է տարվել բանակի արդիականացման` սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցվածության ուղղությամբ: Մյուս առաջընթացը, որ ապրում ենք, դա բանակում իրականացվող բարեփոխումներն են` միջոցառումներ, որոնք ամփոփելու են ձեռք բերված արժեքները` ընդգծելով ուղենիշներ հետագա զարգացման համար: Այս բարեփոխումները, խելացի կերպով իրականացնելու դեպքում, չեն կարող անդրադառնալ մեր բանակի մարտունակության վրա. նույն քաղաքացիական մարդիկ, որոնք հատուկ քաղաքացիական պաշտոնների են լինելու, նախևառաջ նախկին զինվորականներ են, որոնք կրում են պատասխանատվություն և նրանցից յուրաքանչյուրն ունենալու է իր պարտականությունները թե խաղաղ պայմաններում, և թե պատերազմի ժամանակ: Մեր բանակը, գաղտնիության ռեժիմի պահպանման շրջանակներում, բաց է լինելու մեր ժողովրդի համար: Այս բարեփոխումներն անհրաժեշտ են, որոնց իրականացման համար, սակայն, պետք են նորովի մոտեցումներ, և որոնց հիմքում ընկած է մեր համագործակցությունը տարբեր հեղինակավոր կազմերպությունների հետ, ինչը դրական գնահատվեց Բրյուսելում, որտեղ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ միասին ԱԳԳԾ շրջանակներում հաշվետվություն էինք ներկայացնում: Յուրաքանչյուր ղեկավար պետք է գոնե մեկ քար դնի այն պատին, որը կառուցում ենք: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այսօր բարձր մակարդակով իրականացնելու համար մենք պետք է օրինակներ գտնենք տարբեր գերատեսչություններում. օրինակներ, որոնք լոկոմոտիվի նման իրենց հետևից կտանեն մեր հասարակությանը: Բոլորս պետք է օրինակ ծառայենք` առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. դու այն ես` ինչի մասին խոսում ես: Սրան պետք է նպաստի նաև յուրաքանչյուրիս կողմից մեր մասնագիտության լավ յուրացումը: Շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում բոլորիդ»: Այնուհետև նախարարը պատասխանեց ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին, որոնցից առավել հիշարժաններն էին. Ուսանող - Գարնանային զորակոչի ժամկետներն առանց տարկետման իրավունքի ուսանողներին թույլ չի տալիս մինչև զորակոչվելը հանձնել կիսամյակային ստուգարքներն ու քննությունները: Հնարավոր չէ արդյո՞ք զորակոչային գրաֆիկը սահմանել այնպես, որպեսզի նրանք մինչև հունիսին կարողանան հանձնել քննությունները` ապա բարձր տրամադրությամբ մեկնել ծառայության: ՊՆ - Ձեզ կընձեռվի հնարավորություն` բարձր տրամադրությամբ ծառայության մեկնելու: Մինչ օրս մենք ընդառաջել ենք նրանց, ովքեր մեզ դիմել են նման հարցով: Կընդառաջենք նաև հիմա: Այստեղ ՀՊԱՀ ռեկտոր Ա.Թարվերդյանը նկատեց, որ այս հարցում պետք է ընդառաջի ոչ միայն նախարարը, այլև բուհը, և արդյունքում ուսանողը ժամանակ կունենա ավարտել քննաշրջանը: Ուսանող - Հայաստանում կա՞ այնպիսի կենտրոն, որտեղ ցանակացողները կարող են սովորել զենքին տիրապետելու տարրական կանոնները: ՊՆ - Այժմ ստույգ չեմ կարող ասել, թե որտեղ, բայց նման կենտրոններ կան: Կարող ենք ուսումնասիրել այդ հարցը և Ձեզ գրավոր պատասխանել: Դասախոս - Ինչպես նշվեց, ագրարային համալսարանը դեռ վաղուց համագործակցում է և պաշտպանության նախարարության, և Հայաստանի, և թե ԼՂ զորամասերի հետ: Այդ համագործակցությունն ավելի ամրապնդելու, առարկայական դարձնելու և բանակին առավել պատրաստված զորակոչիկ-ուսանողներ տալու առնչությամբ խնդրում եմ Ձեր կարծիքը հետևյալ հարցերի վերաբերյալ. մենք ունենք ֆակուլտետներ, որտեղ պատրաստվում են տրանսպորտային փոխադրումների կազմակերպման, մեքենաների և սարքավորումների կառավարման գծով մասնագետներ: Հնարավոր չէ արդյո՞ք այդ բազայի հիման վրա ստեղծել ռազմական ամբիոն, որտեղ կպատրաստվեն մասնագետներ վերոնշյալ մասնագիտություններով և կուղարկվեն բանակ: Եվ, նույն հարցի շրջանակներում, ժամանակը չէ արդյո՞ք բանակում ունենալ զինվորական անասնաբույժներ, հատկապես, երբ ժամանակակից են կինոլոգների, ձիաբույծների, սննդի փորձաքննության, որակի գնահատման մասնագիտությունները, և, որտեղ պաշտպանության նախարարության պատվերով համապատասխան մասնագետներ կպատրաստվեն բանակի համար: Այս հարցի շրջանակներում համագործակցելու նպատակով, կարծում եմ, կարելի է ստեղծել աշխատանքային խումբ: ՊՆ - Այդ համագործակցության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ կրթության և գիտության նախարարի համատեղ հրաման կա, ըստ որի և զորամասերը, և դպրոցները, և բուհերը կցվելու են մեկը մյուսին` համագործակցելու և համատեղ միջոցառումներ իրականացնելու համար: Կարծում եմ, նոր ուսումնական տարում այդ հրամանն արդեն կգործի: Ինչ վերաբերում է անասնաբույժներին, ապա մենք ունենք համապատասխան սանիտարական ծառայություն, որն իրականացնում է սննդի ձեռք բերման, պահպանման գործընթացի վերահսկումը: Կարծում եմ, առաջարկը կարելի է ընդունել և համատեղ քննարկել: Իսկ զինվորական ամբիոնի հարցը վիճահարույց է: Դեռևս 2000թ.-ին իմ առաջարկով ԼՂՀ պետական համալսարանում ստեղծվեց ռազմական ամբիոն, որը, սակայն, չգործարկվեց, քանի որ համատեղ ուսումնասիրման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր կան: Ուսանող - Ինչպե՞ս եք գնահատում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և որքանո՞վ ենք պատրաստ դրան: ՊՆ - Մենք յասօր ապրում ենք, ինչպես ընդունված է ասել, ոչ պատերազմ-ոչ խաղաղություն պայմաններում, որովհետև խաղաղության` որպես այդպիսին, պայմանագիր, փաստաթուղթ Ադրբեջանի Հանրապետության հետ չունենք: Մեր բանակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սահմանապահ ծառայությանը հարիր ծառայություն է իրականացնում, որը կոչվում է մարտական հերթապահություն: Ուժերի այս հավասարակշռությունը Ադրբեջանի հետ պահում են որակական չափանիշների և գաղափարապես ավելի պատրաստված լինելու շնորհիվ: Մեր երկու երկրների հնարավորությունները տարբեր են, ինչը մտահոգիչ չէ, որովհետև ուժերի նման հարաբերակցություն է եղել նաև 1992-94թթ., և այդ պայմաններում կարողացել ենք հաղթել: Այսօրվա ռազմաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ պատերազմ վերսկսելու պայմաններ չկան, սակայն մենք պետք է դրան պատրաստ լիւնենք: Իհարկե, արվում է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հիմնախնդիրը լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով: Առաջին գծում առավելություններ ունենք` պարտադրողի դերում ենք: Այնուամենայնիվ չենք թերագնահատում ադրբեջանական բանակի ունակությունները, նրանք էլ այսօր բարեփոխումներ են ապրում: Ի դեպ, ԼՂ տարածքը` որպես հակամարտության գոտի, միակն է, որտեղ առանց 3-րդ ուժի պահպանվում է հարաբերական խաղաղություն, ինչը ուժերի հարաբերակցության շնորհիվ է միայն: Հակամարտության ամենաթեժ կետում պաշտպանության բանակն է, որը պատրաստ է դիմակայել: Մենք պատրաստ ենք: Ուսանող - Մեր ավագ սերունդները կրթվել են հորինված և իրական հերոսներով: Մենք` այս սերնդի ներկայացուցիչներս, նույնպես ունեցանք մեր հերոսները: Ինչո՞ւ լայնածավալ աշխատանք չի տարվում, որպեսզի վերջիններս էլ ավելի մեծ ճանաչում ունենան: ՊՆ - ԼՂՀ և ՀՀ սահմանամերձ գյուղերում հերոսների ճանաչումն ավելի բարձր հիմքերի վրա է դրված: Վերոնշյալ համագործակցության հիմքում հենց սա պետք է ընկած լինի` մատաղ սերնդին մեր հերոսների միջոցով ներկայացնելու մեր նորօրյա պատմությունը: Խոստանում եմ այս համալսարանին տրամադրել ԼՂՀ և ՀՀ բոլոր հերոսների լուսանկարները` այստեղ հերոսի անկյուն ստեղծելու ակնկալիքով: Ուսանող - Ինչո՞ւ դպրոցում ռազմական արվեստի ուսուցումը պատշաճ մակարդակով չի իրականացվում: ՊՆ - Դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը դրված է միայն զինղեկների վրա, ինչը, սակայն, ճիշտ չէ. բոլորը պետք է մասնակցեն այդ գործընթացին` ողջ ուսուցչական կոլլեկտիվը, դպրոցը: Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության ժամանակ բազիմիցս նշել եմ, որ պետք է ունենալ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ ոչ միայն մատաղ սերնդի, այլև ողջ հասարակության համար. խոսում ենք մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին` մոռանալով մեր սերնդակիցներին և ավագ սերնդի ներկայացուցիչներին: Ռազմագիտություն առարկան դպրոցներում պատշաճ մակարդակով չի իրականացվում, որովհետև ուսումնանյութական բազայի պակասություն կա: Այս առնչությամբ առաջարկել եմ դպրոցներում ստեղծել ռազմագիտության ավաններ, որտեղ տեսական պարապմունքներին զուգահեռ կանցկացվեն նաև պրակտիկ պարապմունքներ, ինչը կնպաստեր մատաղ սերնդի` բարձր պատրաստվածությանը: Ձգտելու ենք մեզ վերաբերող մասով աջակցել դպրոցներին: Ուսանող - Ի՞նչ փոփոխություններ են իրականացվելու բարեփոխումների ընթացքում: ՊՆ - Առաջին հերթին իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ. յուրաքանչյուր զինվորական կառույցի զարգացման հիմքում ընկած են կառուցվածքային կատարելագործումը և դրան համապատասխան սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչպես նաև նյութական այլ միջոցներով համալրումն ու արդիականացումը: Այնուհետև իրականացվելու են ղեկավարման համակարգի և կադրային փոփոխություններ, ապա` ուսուցումն ու դաստիարակությունը և սրա միջոցով նաև կարգապահության ամրապնդումը: Այս տարի ընդունվել է արդեն քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենքը, ընդունվելու է «Պաշտպանության մասին» նոր օրենք: Նաև զուգահեռ աշխատանքներ են իրականացվելու պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ: Ուսանող - Ինչպե՞ս եք վերաբերում մշակութային զենքին` մասնավորապես «Իմ զենքն իմ բեմն է», «Իմ զենքն իմ երգն է» և այլն, կարգախոսներին: ՊՆ - Ժողովուրդների պատմությունը կերտվում է ուժով և մշակույթով. սրանք այն երկու ուղղություններն են, երբ և ուժը, և արվեստը, փոխարինում են միմյանց այս կամ այն ժամանակահատվածում. երբ հրանոթները լռում են, մուսաներն են գործում: Մշակույթն այն կարևոր զենքն է, որն արժևորում է այն, ինչ ձեռք է բերվել ուժով. արվեստի, մշակույթի և կրթության շնորհիվ ենք կարողանում այսօր ուժի և հզորության ասպարեզում որակական փոփոխություններ ապրել: Ձգտում եմ մասնակցել բոլոր միջոցառումներին և մշակութային բանակում, և բանակային մշակույթում: Թեժ հարցուպատասխանից հետո ՀՊԱՀ ռեկտոր Ա.Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին` առաջարկը և խնդրանքը չմերժելու համար` կատարելով համալսարանի գիտխորհրդի հանձնարարությունը. Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ սերտ համագործակցության և երիտասարդ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պարգևատրվեց «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ոսկե մեդալով: Իսկ ՀՊԱՀ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Ս.Օհանյանին հանձնեց ՀՊԱՀ հիշարժան նվեր` արծիվ, և ուսանողներին ուղղված իր խոսքում ասաց, որ այսօր իրենք հնարավորություն ունեն տեսնել ուժեղ և, միաժամանակ, համեստ, առաքինի և պարկեշտ մարդու: Ընդունված է ասել` որքան ուժեղ, այնքան համեստ. «Պատիվ ունեմ այսօր կանգնել մի մարդու կողքին, որն իմ երկրի, իմ հայրենիքի պաշտպանության գործն է ղեկավարում` ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, և հպարտ եմ, որ իմ երկրի ամենաուժեղ կառույցի ղեկավարը իմ երկրի ամենահամեստ մարդկանցից մեկն է»: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, օգտվելով առիթից, բուհի ղեկավարությանը` ի դեմս ռեկտոր Ա.Թարվերդյանի, նվիրեց իր` «Քսանմեկերորդ դարի բանակը» խորագրով հեղինակային գիրքը, նշելով, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ համալսարանի ոսկե մեդալին, ինչպես նաև ստանալ հիշարժան նվեր` արծիվ, որը մեր զինված ուժերի խորհրդանիշն է և որը նշանակում է ուժ, հզորություն, սլացք, կամք` պատգամելով ուսանողներին` տիրապետել այդ հատկանիշներին: Այնուհետև նախարարը սուր նվիրեց ռեկտորին` մաղթելով, որ սուրը և գրիչը անբաժան լինեն և, որ մշակույթ, արվեստ, գիտություն հասկացությունները միշտ ուժի կողքին լինեն:
  • Поделиться