Ս.Օհանյանը մասնակցեց պարգևատրման արարողության

6 Июня, 2008 00:00
Ս.թ. հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Կոտայքի մարզ` մասնակցելու Շուշիի 77-րդ առանձնակի մոտոհրաձգային գումարտակի մի շարք մարտիկների` ԼՂՀ Նախագահի հրամանագրով մայիսյան տոների կապակցությամբ պարգևատրման արարողությանը, որին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը:

Հանդիպման սկզբում Կ.Շահգալդյանը հանդիսավոր խոսքով ողջունեց հյուրերին: Այնուհետև, վերոնշյալ գումարտակի մարտիկների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը, որպես մարտական ընկեր և որպես Արցախի հերոս, վերջիններիս հանձնեց պարգևները` իր շնորհավորական խոսքում մասնավորապես ասելով. «Հարգելի հյուրեր, սիրելի մարտական ընկերներ Զինվորական կառույցի անձնակազմի և անձամբ իմ անունից` որպես ՀՀ պաշտպանության նախարար և որպես մարտական ընկեր, շնորհավորում եմ ձեզ մայիսյան տոների կապակցությամբ: Դուք արժանի եք ոչ միայն պարգևների, այլ նաև մեծարանքի. մեծարանք, որ տածում է մեր ժողովուրդը մարտական գործողությունների բոլոր մասնակիցների հանդեպ, որոնք կերտել են հայ ժողովրդի նորագույն պատմությունը, տարել ժողովրդին դեպի անկախություն: Մենք երախտապարտ ենք ձեզ: Մեր նորօրյա պատմությունը հատկանշական է ազգային ազատագրական շարժմամբ, որի գագաթնակետը եղել է արցախյան գոյապայքարը, ինչպես նաև ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերը: Մենք ապացուցեցինք, որ հայ ժողովուրդն իրավունք ունի ազատ ապրել, խաղաղ արարել, ուղղորդվել համայն հանրության կողմից ընդունված առաջատար չափանիշներով: Այս ամենի կայացման գործում, ի թիվս ԼՂՀ պաշտպանության բանակի մյուս ստորաբաժանումների, մեծ ավանդ ունեք նաև դուք` Շուշիի 77-րդ առանձնակի մոտահրաձգային գումարտակի մարտիկներդ: Ձեր իրականացրած մարտական գործողություններին ես քաջ ծանոթ եմ, որոնց մի մասի ղեկավարման ընթացքին նաև մասնակից եմ եղել և կարող եմ ասել, որ կարողացել եք լիովին իրականացնել ձեր առջև դրված բոլոր խնդիրները: Այսօր մենք մեծարում ենք ոչ միայն ձեզ, այսօր մենք նաև հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն սեփական ժողովրդի ազատության, նաև նրանց, ովքեր դժվարագույն պայմաններում ծառայել են զինված ուժերում. ի սկզբանե մեր ազգային ազատագրական շարժմանն ընդգրկվել են քաղաքացիական տարբեր մասնագիտության և տարբեր պաշտոնների մարդիկ, որոնց մեծ մասը, հետպատերազմյան զինադադարի պայմաններում, շարունակում է զինված ուժերում իրենց ուսերին կրել զինված ուժերին հարիր զրկանքներ և դժվարություններ` կարողանալով մեր բանակը պահել մարտունակ վիճակում և հանդիսանալ մեր ժողովրդի խաղաղության երաշխիքը: Այսօր նաև երախտապարտ պետք է լինենք բոլոր նրանց, ովքեր տարբեր քաղաքացիական հաստատություններում այս կամ այն ձևով իրենց ներդրումն են ունենում մեր պետականության ձևավորման գործում: Մեր պայքարն առանձնահատուկ է եղել նաև նրանով, որ հայ հրամանատարն ու հայ զինվորը միշտ կանգնած են եղել կողք կողքի. հայ հրամանատարը միշտ օրինակ է ծառայել զինվորին, ինչի մասին են վկայում այն հրամանատարների սխրանքները, որոնք կյանք չեն խնայել հանուն զինվորի: Իսկ հայ զինվորը միշտ կանգնած է եղել իր հրամանատարի կողքին` պատրաստ կրծքով պաշտպանելու նրան, անհրաժեշտության դեպքում նաև փոխարինել` շարունակելով հրամանատարի գործը: Ընդունված է ասել. զինվոր չէ այն զինվորը, որը չի ցանկանում դառնալ գեներալ: Սրան կարելի է ավելացնել նաև` գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է զինվոր լինելուց: Նման միջոցառումներով պատշաճ հիմք ենք ստեղծում մեր արժանիքներն ու ազատագրական պայքարի ընթացքում ունեցած ձեռքբերումները պահպանելու և մատաղ սերնդին փոխանցելու համար` սրանով իսկ ապահովելով մեր պատմությունը: Մեր առավելությունը նաև այն է, որ ցանկացած ագրեսիայի դիմակայելու համար մենք ունենք պատրաստ կանգնած սերունդ` որը պայքարել է, և պատրաստ կանգնած մատաղ սերունդ` որին կարողացել ենք պատշաճ կերպով փոխանցել մեր ձեռքբերումները: Մեծ խոնարհումով կրկին շնորհավորում եմ ձեզ և շնորհակալությունս հայտնում, որ բոլորս կանք և միասնական ենք: Նաև ձեր ներողամտությունն եմ հայցում սակավաթիվ հանդիպումների համար, որի միակ պատճառը ի պաշտոնե ժամանակի սղությունն է: Շնորհավորում եմ ձեզ, սիրելի մարտական ընկերներ»:
  • Поделиться