ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը

14 Июля, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զինավան` ներկա լինելու 2008թ. ամառային ուսումնական փուլի մեկնարկին` տոն, որն անցկացվում է «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսին համահունչ:

Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կոպուսի հրամանատար, գնդապետ Ա.Մակարյանը: Այնուհետև անձնակազմին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն իր շնորհավորական խոսքում մասնավորապես ասաց. «Պարոնայք սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Թույլ տվեք պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, ղեկավարության և անձամբ իմ անունից շնորհավորել ձեզ` ամառային նոր ուսումնական փուլի մեկնարկի և զինավանում միասնական տեղաբաշխման կապակցությամբ: Ինձ համար կրկնակի ուրախություն է այսօր գտնվել 5-րդ բանակային կոպուսում, քանզի այս կորպուսի առաջին հրամանատարը լինելու բախտն ինձ է վիճակվել: Իր կազմավորումից ի վեր այս կորպուսն իրեն դրսևորել է որպես կազմավորված և մարտական բարձր պատրաստականություն ունեցող զորամիավորում, որի ենթակա զորամասերը փառապանծ ուղի են անցել` դրսևորվելով արցախյան թեժ գոյապայքարի, հայ ազատագրական շարժման ընթացքում: 5-րդ բանակային կորպուսը լավ արդյունքներ է գրանցել նաև անցյալ ուսումնական փուլի ընթացքում. ունի օրինակելի զորամասեր, ներգրավված է անցկացվելիք «Ռուբեժ 2008» զորավարժությանը և հուսով եմ լավագույնս կկատարեք ձեր առջև դրված խնդիրները: Նման հանդիսավոր օրերը յուրաքանչյուրիս պարտավորեցնում են ևս մեկ անգամ արժևորել, վերագնահատել անցած ճանապարհը և բարձր բարոյահոգեբանական ոգով շարունակել սկսած գործը: Մեծ դեր ունեք պաշտպանական բարեփոխումների գործընթացում. եթե կառուցվածքային փոփոխությունները, նյութա-տեխնիկական հագեցվածության խնդիրները դրված են վերադասի ուսերին, ապա ուսուցման, դաստիարակության ողջ գործընթացը դրված է ձեր` բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարության ուսերին: Այս օրը հատկանշական է նաև նրանով, որ տեղաբաշխվել եք մեկ զինավանում և հետայսու գործելու եք որպես մեկ կոլեկտիվ: Շնորհավորում եմ ձեզ և համոզված եմ. գիտակցում եք, որ յուրաքանչյուր անհատի պատրաստությունից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը»: Այնուհետև ելույթ ունեցան Մայրաքաղաքային գնդի հրամանատար, գնդապետ Թ. Շահնազարյանը և Նուբարաշենի գնդի հրամանատար, փոխգնդապետ Ս.Հակոբյանը: Միջոցառումն ավարտվեց գնդի հանդիսավոր քայլերթով, որից հետո Ս.Օհանյանն առնձնազրույց ունեցավ գնդի վարչակազմի հետ, խոսեց թերությունների մասին, տվեց խորհուրդներ և ցուցումներ:
  • Поделиться