Ամփոփվել են «Օգնենք Արցախին» արշավի արդյունքները

5 Դեկտեմբերի, 2016 18:21
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմբերի 5-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով:

Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորումների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ «Օգնենք Արցախին» արշավի շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա նաև օդային տեղափոխման անհրաժեշտության դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:

Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին է  հատկացրել նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր:

Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրել է, որ թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում բանակը  համայն հայության հպարտությունն է ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին, կանգնել հայ զինվորի թիկունքին: ՀԲԸՄ նախագահը նաև ընդգծել է, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: 

Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը: 

Ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կատարված հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ հավաքել էր ավելի քան 325.000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայկական զինված ուժերին աջակցելու նպատակով: ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին և ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: «Օգնենք Արցախին» նախաձեռնության կարևոր բաղադրիչն էր շտապ օգնության և բժշկական շարժական սարքավորումների ձեռք բերումը:

  • Տարածել