Պաշտպանության նախարարն այցելել է Ռազմական համալսարան և Կենտրոնական հավաքակայան

4 Նոյեմբերի, 2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Հանրապետական կենտրոնական հավաքակայանում:

Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել համալսարանի հրամանատարաշտաբային և համազորային ֆակուլտետների մասնաշենքերում, ծանոթացել է ուսումնառության պայմաններին, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին, կրթական հնարավորություններին, տեղում դիտարկել է կուրսանտների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, զորանացային, լսարանային, ճաշարանային պայմանները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ռազմաուսումնական հաստատության պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը պաշտպանության նախարարին զեկուցել է համալսարանի կազմի և կառուցվածքի, կրտսեր և ավագ սպայական կազմի պատրաստման ու վերապատրաստման, ռազմամասնագիտական ուսուցման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների, ընդունելության կարգի,  կուրսանտների առօրյայի և սոցիալ-կենցաղային պայմանների մասին, հանդես է եկել ռազմական համալսարանի գրավչությունն առավել բարձրացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով:

Ռազմական համալսարան կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ճաշել է կուրսանտների հետ:

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում էլ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի գործընթացին ներգրավված  պատասխանատու օղակների  ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Պաշտպանության նախարարին է զեկուցվել նաև առաջիկա զորակոչի նախապատրաստական աշխատանքների և նոր ծրագրերի մասին:

  • Տարածել