Ամփոփվել են «Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթի արդյունքները

3 Սեպտեմբերի, 2016
Սեպտեմբերի 3-ին ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ:

«Դյուցազուն» համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր զորամիավորումների ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին և սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական ունակություններն ամրապնդելու, մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակություն բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:

Օգոստոսի 20-ին մեկնարկած ստուգատեսի ընթացքում անցկացվել են մրցույթի փուլերով նախատեսված ստուգողական վարժանքներ, ֆիզիկական և կրակային պատրաստության մրցույթներ, օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքները, պարաշյուտային թռիչքներ ու տարբեր արգելագոտիների հաղթահարման փորձություններ:

Եզրափակիչ փուլ անցած զինծառայողներն ուժերն են չափել ուսումնական ձեռնամարտում:

«Դյուցազուն» որակավորման մրցույթի եզրափակիչ փուլի ավարտին լավագույն մասնակիցներին խորհրդանշական սև բերետները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

  • Տարածել