Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

16 Օգոստոսի, 2016 11:35
Երևանում անցակացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները:

Քննարկվել են նաև Սիրիայում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: ՀՀ պաշտպանության նախարարը աջակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:

Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

  • Տարածել