Հայտարարություն

11 Ապրիլի, 2016 15:04
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ս.թ. ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:

Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը, որն արձանագրվել է ԼՂՀ պատկան մարմինների և ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից մատնանշված նորմերի կոպտագույն խախտում:

ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է նաև, որ բոլոր միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացվելու են Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական (զինված հակամարտության) իրավունքի և տարատեսակ կոնվենցիաների խախտումների փաստերը` վերջնանպատակ դնելով Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:

  • Տարածել