«Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը

2 Հոկտեմբերի, 2015
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։

Զորավարժության անցկացման առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր:

ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմը ծանոթացել է զորավարժությանը ներգրավված սպառազինության և ռազմական տեխնիկայի բնութագրերին, դաշտային հոսպիտալի բացազատման, տեղանքի հումանիտար ականազերծման խնդիրների կատարման առանձնահատկություններին, և ձեռնամուխ է եղել խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում  մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման գործնական պարապմունքներին:

Գործնական պարապմունքներին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմին ծանոթացրել են խաղաղապահ գործողությունների անցկացման շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման սկզբունքներին:

Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում` հոկտեմբերի 1-ին, շարունակվել են ՀԱՊԿ ՀԽՈՒ կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստական աշխատանքները և գործնական պարապմունքները: Ուսումնասիրվել են խաղաղապահ գործողության կազմակերպման և ՀԱՊԿ ՀԽՈՒ ստորաբաժանումների կողմից պատասխանատվության տեղամասերի զբաղեցման հարցեր:

Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը և գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, կարողություններ զարգացման և անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման գործնական պարապմունքներ:

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

  • Տարածել