Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) հիմնվել է 2005 թ. ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախագծի շրջանակում` որպես ապագա համալսարանի հետազոտական բաղադրիչ, մտավոր հենք ու կազմակերպական առանցք: 2016 թ. համալսարանի բացումից հետո ԱՌՀԻ-ին շարունակում է իր գործունեությունը համալսարանի կազմում:

ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ն 2006 թ. եղել է ԱՄՆ-ի ՊԱՀ-ի գիտական խորհրդատվություններով ամերիկյան մեթոդաբանության կիրառմամբ Հայաստանի ազգային անվտանգության առաջին ռազմավարության միջգերատեսչական մշակման ակադեմիական համադասողը: ԱՌՀԻ-ն ՀՀ միակ պետական ուղեղային կենտրոնն է, որը տարածաշրջանային անվտանգության և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում կատարում է ռազմավարական վերլուծություններ ու ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ:

ԱՌՀԻ-ն գիտական համագործակցային հարաբերություններ է զարգացնում ՊԱՀՀ-ի  գործընկերային կապերի շրջանակում: Նրա կարևոր գործառույթներից է ռազմավարական քաղաքական ֆորումների կազմակերպումը: Համապատասխան համաշխարհային ուղեղային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ ԱՌՀԻ-ն 2008, 2009, 2011 թթ. կազմակերպել է տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված միջազգային գիտաժողովներ, 2012 թ. նոյեմբերին` տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված առաջին ռազմավարական քաղաքական ֆորումը: 2011 թ. մայիսին ԱՌՀԻ-ն ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ կազմակերպել է ՀԱՊԿ-ի զարգացման ռազմավարությանը նվիրված միջազգային գիտաժողով, իսկ 2013 թ. հունիսին` «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:

«Խաղաղապահական գործողություններին ուղղված մարտահրավերների միջազգային ֆորումի» աջակցությամբ Երևանում 2014 թ. հուլիսի 1–2-ը տեղի է ունեցել «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում:

2015 թ. հոկտեմբերի 5–6-ը Երևանում անցկացվել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» «Հաստատությունների և կարողությունների կառուցումը հանուն խաղաղության. ՄԱԿ-ի վերանայման հանձնախմբերի խորհրդատվությունների հետևանքները ապագա առաքելությունների համար» խորագրով ամենամյա խորհրդաժողովը` ավելի քան 80 օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ-ն հանձինս ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի, ֆորումին անդամակցել է 2014 թ. հոկտեմբերին:

2016 թ. օգոստոսին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի` գիտության գծով տեղակալ–Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ է նշանակվել պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը:

Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոն

Կենտրոնը հետազոտություններ է կատարում երկու հիմնական ուղղություններով` տարածաշրջանային և գործառութային: Տարածաշրջանային հետազոտությունների հիմնական նպատակն է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության դինամիկայի և տարածաշրջանում ներգրավված ուժային կենտրոնների շահերի ուսումնասիրությունը ՀՀ ռազմավարական-անվտանգային շահերի տեսանկյունից: Հետազոտությունների արդյունքները ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում վերլուծական զեկուցագրերի և «Աշխատանքային տետրերում» հրապարակվող կոլեկտիվ մենագրությունների ձևով: Թե՜ վերլուծական զեկուցագրերը, թե՜ մենագրական հետազոտությունները ավարտվում են համապատասխան եզրակացություններով ու ՀՀ գերատեսչություններին ուղղված առաջարկություններով:

Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնը մշակել է ՀՀ սահմանակից պետությունների` Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը և դրանց ռազմավարական վերագնահատումներին նվիրված կոլեկտիվ մենագրական աշխատություններ: Գործառութային հետազոտությունների շարքում կենտրոնը պատրաստել է կոլեկտիվ մենագրություններ` նվիրված ՀՀ-ին միջազգային վարկանիշային կազմակերպությունների տված գնահատումներին, ՀՀ–Սփյուռք հարաբերություններին, ռազմաարդյունաբերության ոլորտում նորամուծությունների դերին, ՀՀ-ում պատերազմի էկոնոմիկայի զարգացման ռազմավարական ուղենիշներին:

2016 թ. օգոստոսին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ է նշանակվել պ.գ.թ. Դավիթ Մանասյանը:

Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական - հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոն

Հասարակության կենսագործունեության բոլոր բնագավառներում տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն կիրառման հետևանքով զգալիորեն մեծացել է դրանց ազդեցությունը ազգային անվտանգության, մասնավորապես` պաշտպանության համակարգի վրա: Ներկայիս անվտանգային գործընթացներում մեծ անորոշությունների առկայությունը և զարգացումների ոչ գծային ու բարդ բնույթը պայմանավորում են անվտանգային հետազոտություններում ավանդական վերլուծական մեթոդների հետ մեկտեղ նորարարական հետազոտական գործիքարանի կիրառման կարևորությունը: Ստեղծված պայմաններում կենսական նշանակություն ունեն ազգային անվտանգության վրա ՏՀՏ-ների ներդրման, կիրառման ու զարգացման, դրա հետ կապված մարտահրավերների ազդեցության գնահատումը և այդ մարտահրավերներին արձագանքման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը: Հենց այդ խնդիրների լուծման տեսանկյունից էլ կարևոր է ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ում Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը:

Կենտրոնի ստեղծման նախագիծը լրամշակվել և փորձաքննվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի կիբեռանվտանգության խմբի փորձագետների 2014–2015 թթ. գիտական ստաժավորումների ժամանակ: Կենտրոնի կազմում գործում են երկու` Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և Ազգային անվտանգության քաղաքականության խմբեր, որոնցից յուրաքանչյուրում ներգրավված են համապատասխան որակավորում ունեցող փորձագետներ: Կենտրոնը մշակել է կիբեռռեսուրսների կառավարման համակարգի երկու անկյունաքարային փաստաթղթերի` «ՀՀ Կիբեռանվտանգության ազգային ռազմավարության» և «ՀՀ Կիբեռռեսուրսների կառավարման ազգային համակարգի ստեղծման» նախագծերը:

2016 թ. օգոստոսին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ է նշանակվել տ.գ.թ. Արման Գրիգորյանը: