Զորակոչիկները մինչ ծառայության մեկնելը կլրացնեն հոգեբանական հարցաշար

22 Հուլիսի, 2016
ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը: Այս նորամուծությունն իրականացվում է Հայաստանի և Ավստրիայի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում: Հոգեբանական հարցաշարը լրացնելու են հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում:

Իրավիճակային հոգեբանական հարցաշարի պատասխանների միջոցով ձևավորվում է զորակոչիկի հոգեբանական պատկերը, ինչի շնորհիվ էլ զորամասի հրամանատարությանը պարզ է դառնում, թե նորակոչիկ զինվորը որքանով է դիմացկուն, սթրեսակայուն և պատրաստ տարբեր հանձնարարություններ կատարելուն: Հոգեբանական խնդիրներ ունեցող զորակոչիկների պարագայում էլ զորամասի սպայական կազմն արդեն անհրաժեշտ հատուկ ուշադրություն կտրամադրի զինծառայողին:

Հոգեբանական թեստի անցկացման նպատակն է նվազագույնի հասցնել զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհերի և վիրավորումների դեպքերը, ինչպես նաև դյուրացնել սպաների աշխատանքը միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում:

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում կկազմվի համակարգչային ծրագիր, որն ընդհանրացնելով զորակոչիկի պատասխանները՝ կտա նաև նրա հոգեբանական կայունության և տարբեր միջավայրերում ադապտացվելու գնահատականը:

  • Տարածել