ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել
23 Հունիսի, 2016 11:44Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Աշխատանքային այցի շրջանակներում «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ կայացած հանդիպման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացնելու վերաբերյալ: Միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում: