ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

24 Հունվարի, 2009 00:00
Ս.թ. հունվարի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների մամլո քարտուղարներ, մամլո ծառայության պատասխանատուներ, պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներ:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը նախ ողջունեց հրավիրվածներին` ՊՆ նորակառույց վարչական համալիրում, ապա իր զեկույցում ներկայացրեց պաշտպանության բնագավառի` 2008թ. արդյունքները, ինչպես նաև 2009թ. հիմնական խնդիրները` մասնավորապես նշելով. «Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ՀՀ ԶՈՒ 2008թ. ուսումնական տարվա պլանային միջոցառումների կատար­ման արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ զինված ուժերը ևս մեկ աս­տիճանով բարձրացրել են մարտունակությունը, պատվով կատարել իրենց գլխա­վոր խնդիրը` ՀՀ սահմանների պաշտպանությունը: ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, զին­ված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի պատրաս­տությունն ընթացել է 2008թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն. շարունակվել է մարտական և զորահավաքային պատրաս­տա­կանության, զորքերի մարտական պատրաս­տու­­թյան, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մակարդակի բարձրա­ցումը: ՀՀ զինված ուժերի մարտունակության ամրապնդման վրա մեծ ազդեցություն են ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ և հրամանատարաշտաբային զորախաղերը, մարտավարական զորավարժությունները, ինչի արդյունքում բարձրացել են պաշտոնատար անձանց գործնական ունակությունները: Զինված ուժերի օպերատիվ և արդյունավետ ղեկավարմանն է այսուհետ նպաստելու նաև 2008թ.-ի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը` աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ նորագույն միջոցներով հագեցված ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրը: Անցյալ տարի առաջին անգամ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ, ՀՀ ԶՈՒ ԲԿ-ների կառավարման մարմինների հետ անցկացվել են երկկողմանի, երկաստիճան, ռազմավարական, հետազոտական, հրամա­նատա­րա­շտա­բա­յին զորախաղեր, որոնց ընթացքում զորամիավո­րում­ներում և ենթակա զորամասերում իրականացվել են նաև մարտական պատրաս­տության համալիր ստուգումներ: Համապատասխան աշխատանքներ են տարվել զորահավաքային խնդիրների իրականացման ուղղությամբ: 2008թ. ուսումնական տարում ՀՀ զինված ուժերում ներդրվել է պայմա­նագրային ավագ սերժանտների համակարգը, վերամշակվել և գործողության մեջ է դրվել 4-ամսյա դաս­ընթաց­ների ծրագիրը: Տարվա ընթացքում մշակվել, տպագրվել և զորքեր է ուղարկվել 12 անուն մասնագիտական գրականություն: Ի դեպ, զորքերին է բաշխվել նաև իմ կողմից մտածված և արդեն տպագրված սպայի աշխատանքային օրագիրը, ինչպես նաև ԶՈւ անձնակազմին ուղղված Ուղերձը, որոնց օգնությամբ սպաները կկազմակերպեն իրենց առօրյա աշխատանքները: Ինժեներական զորքերի զորամասերում ուսումնական տարվա մարտա­կան պատրաստության գործընթացը կատարվել է ողջ ծավալով. պաշտպանական գոտիներում կատարվել են ամրա­շինական կառույցների կատարելագործման, ինչպես նաև մարտա­կան հերթապահություն իրականացնող անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման զգալի աշխա­տանք­ներ: Հրթիռա-հրետանային զորամասերում շարունակվել է զորատեսակի մարտա­կան պատրաստականության կատարելագործման գործընթացը: Իրականացվել են բարելավման և ընդլայնման աշխա­տանքներ կապի համակարգում. 2008թ. մեր կապավորները մասնակցեցին Գերմանիայում և Խորվաթիայում անցկացված «Համատեղ ձգտում 2008» զորավարժությանը` արժանանալով զորվարժու­թյուն­ների ղեկավարների բարձր գնահատականներին: 2008թ.-ին կուտակեցինք զենքի, զինամթերքի« նյութական և տեխնիկական ժամանակակից միջոցների, վառելիքի պահուստային զգալի պաշարներ: Շարունակվում է զինված ուժերի` տեխնիկայի և սպառազինության արդիականացման գործընթացը: Աշխատանքներ են տարվել զորամասերի նյութա­տեխնիկական բազայի բարելավման ուղղությամբ: Զիվորական հոսպիտալների և զորամասային օղակի բժշկական ծառայության միջոցով իրականացվել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների բուժապահովման կազմակերպումը: Բուժկանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոսպի­տալներն այսօր հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և բուժգոր­ծիքներով, համալրված են բժիշկ-մասնագետներով: Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման աշխա­տանքներն ընթա­ցիկ տարում ևս իրականացվել են տարեկան ծրագրերին համապատասխան: Բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր, հարմարավետ զորանոցներ, ճաշարաններ, բուժկետեր, պահակատներ, բաղնիք-լվացքատներ: Իրականացվել են նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ. զինծառայողներին են հանձնվել ծառայողական բնակարաններ, զոհված, անօթևան, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողներին` բնակարան ձեռք բերելու համար, հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում: 2008թ. ընթացքում աշխատանքներ են տարվել ռազմական կրթու­թյան մակար­դակի բարձրացման և կադրային ճիշտ քաղաքականություն վարելու ուղղու­թյամբ: Ընթացքում է անձնակազմի` պայմանագրային զինծառայողներով, սերժանտներով ու հատուկ քաղաքացիական ծառայողներով համալրման գործընթացը: Լուրջ քայլեր կատարեցինք նաև զինված ուժերում կարգուկանոնն ամրապնդելու ուղղությամբ: Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը բարձրացնելու և զինվորի առօրյան էլ ավելի բովանդակալից դարձնելու նպատակով զորքերում կազմակերպվել և անցկացվել են տոնական միջոցառումներ` նվիրված ՀՀ պե­տա­­­կան տո­նե­րին, զորատեսակների օրերին և ականավոր հայորդիների հոբել­յաններին: 2008թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված համակողմանի ռազմական համագործակցությունն ուղղորդվել է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովմանը, զինված ուժերի մար­տու­նակության ամրապնդմանը և նրա փոխգործակցության հնարավորությունների ընդլայն­մանը ինչպես երկու կարևորագույն անվտանգության համակարգերի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այս կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ: ՀԱՊԿ շրջանակներում անցյալ տարի Հայաստանում անցկացվեցին «Ռուբեժ-2008», իսկ ՆԱՏՕ-ի ծրագրով նախատեսված` «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր - 2008», «Խիզախ լուսան 2008» մարտավարական զորավարժությունները, որոնց գլխավոր խնդիրն է զինծառայողների անհատական պատրաստությունը, բարոյահոգեբանական բարձր որակների և մարտական ոգու ձևավորումը: Լուրջ աշխատանքներ են կատարվել պաշտպանական բարեփոխումների իրա­կա­նացման ուղղությամբ: Պաշտպանական բարեփոխումների` հեռանկարային առումով տարվա ձեռքբերումներից էր պաշտպանության ռազմավարական վերանայման մեկնարկը. ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության ռազմավա­րական վերանայման աշխատանքները համա­կարգող միջգերատեսչական հանձնաժողով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և ՀՀ պաշտպանության նախարարի համանախագահությամբ և բոլոր շահագրգիռ գերատես­չությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմավորվեցին փորձագիտական խմբեր: Հաստատվեց նաև պաշտպանության ռազմավարական վերա­նայման պլան-ժամանակացույցը, որով նախատեսվում է 2008-2010թթ. ընթացքում փուլ առ փուլ ավարտին հասցնել վերոնշյալ գործընթացը: Շարունակվել է ՀՀ` միջազգային խաղաղապահ ակտիվ գործու­նեությունը. 2008թ.-ին կրկնապատկվեց հայ խաղաղապահների թիվը Կոսովոյում` զորախմբի թվաքանակը դասակի մակարդակից հասցնելով վաշտի մակարդակի: Ակտիվացել է համագործակցությունը ԱՄՆ Եվրոպական հրամա­նատարության հետ: Քայլեր են ձեռնարկվել նաև տարածաշրջանային պետություն­ների հետ ռազմա­քաղաքական կապերի ամրապնդման ուղղությամբ: Իրականացված վերոնշյալ միջոցառումները փաստում են, որ ՀՀ զինված ուժերը պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը: Հավաստիացնում եմ, որ մեր զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության: Նման ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավա-պայմանագրային դաշտը: Ընդունվել են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքները, որոնց միջոցով տարանջատվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները` ն պաստելով իրականացվող կառուցվածքային փոփոխությունների արդյունավետությանը, ինչպես նաև ՀՀ Նախագահ-պաշտպանության նախարար-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ուղղահայաց հարամանատարական շղթայի հստակեցմանը: Այսպիսով, ԶՈւ ղեկավարումն իրականացվել է ԶՈւ` 2008թ. կարգախոսի համաձայն. «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք»: Ցավով պետք է նշեմ, սակայն, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերում եղել են բացթողումներ, ունեցել ենք կորուստներ, որոնք վերացնելու ուղղությամբ տարվում են լուրջ աշխատանքներ և որոնց մասին այսօր, կարծում եմ, չարժե խոսել: Զինված ուժերի զարգացմանը, կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներն ու աշխատանքներն, ինչ խոսք, շարունակվելու են նաև 2009թ.-ին: Շարունակվելու են սպառազինության, տեխնիկայի, ռազմատեխնիկական պահեստամասերի և գույքի պաշարների կուտակման ու դրանց շահագործման, նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, զորահավաքային ռեսուրսների պատրաստությունը, ղեկավարման համակարգի կատարելագործումը, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը: Օգտագործելով Օպերատիվ կարողությունների հայեցակարգի սկզբունքները, մշակվում են նոր չափանիշներով ուսումնական ծրագրեր: Հստակեցվում են նաև աղետների և ճգնաժամի ժամանակ զինված ուժերի խնդիրները, մասնակցությունը իրավիճակային կենտրոնի աշխատանքներին: Զինված ուժերում կադրային և կրթական քաղաքականություն իրականացնելիս շարունակելու ենք համակարգը համալրել տեսական և գործնական գիտելիքներով օժտված զինծառայողներով. բարձրացվելու է բոլոր օղակների հրամանատարների անմիջական պատասխանատվությունը կադրային նշանակումների նկատմամբ: ՀՀ զինված ուժերի 2009թ.-ի հիմնական խնդիրն է նաև բարձրացնել. բոլոր օղակների հրամանատարների և շտաբների կարգապահական և կատարողական պատասխանատվությունը, հմտորեն օգտագործել գործող հասարակական օղակների աշխատանքների արդյունավետությունը, բարելավել զորքերի ծառայությունը, մարտական հերթապահության կատարման որակը, մարտական դիրքերի պաշտպանական տեղամասերում մարտակարգերի բոլոր տարրերի ինժեներական կահավորման աստիճանը: 2009թ.-ին մարտական պատրաստության գլխավոր խնդիրն է համարվելու զինծառայողների անհատական պատրաստության և մարտավարական զորավարժությունների միջոցով զորքերի ներդաշնակման, նրանց դաշտային վարժվածության կատարելագործումը, բարոյահոգեբանական բարձր որակների, մարտական ոգու ձևավորումը: Ուսումնասիրվելու և վերլուծվելու են զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ առկա, բայց դեռևս լուծում չստացած առավել կարևոր հիմնախնդիրներ: Այս և նման միջոցառումներն, ինչ խոսք, կնպաստեն ՀՀ զինված ուժերի մարտունակության էլ ավելի բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը»: Զեկույցից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց մի շարք լրագրողների հարցերին: Ապա ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների լուսաբանման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով պարգևատրվեցին. - «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, - «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, - «ԱՎԱՆԳԱՐԴ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը, - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, - «ՖՐԱՆՍՊՐԵՍՍ» լրատվական գործակալության լրագրող Մարիամ Հարությունյանը, - «ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղի ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիր Գրիգորի Պետրոսյանը, - «ՄԵԴԻԱՄԱՔՍ» լրատվական գործակալության լրագրող Արտակ Բարսեղյանը, - «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության ֆոտոթղթակից Մելիք Բաղդասարյանը, - «ԱՐՏ 13» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արթուր Վարդանյանը, - «ՀԱՅԼՈՒՐ» լրատվական գործակալության օպերատոր Կարեն Գրիգորյանը: ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանի համաձայն պատվոգրով պարգևատրվեցին «Մարտիկ» հաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամներ` - ռեժիսոր Հրաչյա Աղաջանյանը, - ռեժիսոր, ՀՀ ՊՆ 70179 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հովսեփյանը, - օպերատոր Կարեն Աղոյանը, - լրագրող Սերոբ Հարությունյանը, - լրագրող Սյունէ Համբարձումյանը, - հեռուստամեկնաբան Զարուհի Վարդանյանը: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը լուսանկարվեց ԶԼՄ պարգևատրված ներկայացուցիչների, ինչպես նաև «Մարտիկ» ստեղծագործական խմբի անդամների հետ:
  • Տարածել