Ս.ՕՀԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ

26 Հունվարի, 2009 00:00
Ս.թ. հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպեց ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտոր Ա.Սիմոնյանը ողջունեց Ս.Օհանյանի այցը համալսարան` նշելով, որ միջոցառումն անց է կացվում ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Այնուհետև համալսարանականներին ողջունեց Ս.Օհանյանը` նշելով, որ հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար. «Ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել այստեղ և առնչվել պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Երկու օրից մեծ տոն է` ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձը, որի շրջանակներում էլ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ հանդիպումներ կազմակերպել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Նշեմ, որ 2008թ.-ին ըստ վերոնշյալ գերատեսչության հետ ձեռք բերված համաձայնության, Հանրապետության 1407 դպրոցներ կցվեցին զորամասերին, որոնք այսուհետ սերտ համագործակցություն են իրականացնելու: Այս հանդիպումը նաև պարտավորեցնում է, որպեսզի ԲՈւՀ-երն էլ իրենց հերթին կցված լինեն ՀՀ ԶՈւ ղեկավար կազմին. այս աթիթով էլ Մայր բուհի հետ համագործակցության պատասխանատվությունը ստանձնեցի ես, ինչն էապես կնպաստի բանակ-միտք-գիտելիք կապի խորացմանը: Այսօր կարելի է խոսել արդեն մեր ազգային ազատագրական պայքարի ընթացքում ունեցած ձեռքբերումների, հաջողությունների մասին, որոնք անհրաժեշտ է փոխանցել մատաղ սերնդին, այլապես կյանքը կանգ կառնի: Մինչ օրս շատ ենք զրուցել սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին և եկել այն եզրահանգման, որ իրատեսական հիմքեր են պետք այն իրականացնելու համար: Նշեմ, որ պետության դեմ կարևորագույն սպառնալիքներից է համարվում նաև վերջինիս ցածր մակարդակը, ինչից խուսափելու համար էլ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հետ մշակել ենք ՌՀԴ հայեցակարգ: Որքան սերտ լինի կապը բանակի և կրթական համակարգի միջև, այնքան լավ հիմքերի վրա կլինի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը ցանկացած պետության հերթական բաղկացուցիչ մասն է: Արցախյան գոյապայքարի ընթացքում կատարված բոլոր սխրագործությունները պետք է փոխանցվեն մատաղ սերնդին, այնպես, ինչպես մեր հայրերի և պապերի սխրանքները փոխանցվել են մեզ: Մեր բանակն այսօր լիովին կատարում է իր առջև դրված խնդիրները: Մեծ որակական առաջընթաց ենք ապրել թե հետպատերազմյան վերականգնողական շրջանում, և թե հատկապես 2000թ.-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում. բարձր հիմքերի վրա են դրվել ուսուցման և դաստիարակության խնդիրները, մեծ աշխատանք է տարվել բանակի արդիականացման ուղղությամբ: Առաջընթացը, որ ապրում ենք, նաև բանակում իրականացվող բարեփոխումներն են` միջոցառումներ, որոնք ամփոփելու են ձեռք բերված արժեքները, և որոնք, խելացի կերպով իրականացնելու դեպքում, անպայման իրենց նպաստը կբերեն ԶՈւ զարգացման և կատարելագործման գործում: Այս բարեփոխումներն անհրաժեշտ են, որոնց իրականացման համար, սակայն, պետք են նորովի մոտեցումներ, և որոնց հիմքում ընկած է մեր համագործակցությունը տարբեր գերատեսչությունների, տեղի և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ: Ի դեպ, վերջիններիս` մասնավորապես ՀԱՊԿ և ՆԱՏՕ, հետ համագործակցության շրջանակներում էլ 2008թ.-ին Հայաստանում անցկացրեցինք համապատասխանաբար «Ռուբեժ 2008» և «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները, որոնց ընթացքում ապացուցեցինք, որ ՀՀ զինված ուժերը փոխգործունակ են առաջատար երկրների զինված ուժերի հետ: Հաջողություններից, սակայն չպետք է գլխապտույտ ունենալ. պետք է միշտ լինել աչալուրջ»: Այնուհետև Ս.Օհանյանը պատասխանեց ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին, որից հետո ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին` այցի համար և հրավիրվածներին հավաստիացրեց, որ Մայր բուհը միշտ պատրաստ է եղել և այսօր էլ պատրաստ է համագործակցել` նպաստելու մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը, զինված ուժերի կատարելագործմանը: Եվ, ի նշան այցելության, ռազմագիտության բնագավառում բացառիկ ձեռքբերումների, հասարակական-քաղաքական բեղուն գործունեության և հայոց բանակի ստեղծման ու կայացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Սեյրան Օհանյանին պարգևատրեց Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով: Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, օգտվելով առիթից, շնորհավորեց բոլորին` ՀՀ ԶՈւ կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ խրախուսելու նպատակով ՊՆ գերատեսչական մեդալներով պարգևատրեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչների: Իսկ առաջադիմությամբ աչքի ընկած որոշ ուսանողներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը բուհին նվիրեց խորհրդանշական կտավ, ինչպես նաև իր հեղինակային` ՀՀ ԶՈւ սպայակազմին ուղղված Ուղերձները: «Պահպանենք մեր բանակը` ի երաշխիք մեր ազգի անվտանգության»- եզրափակեց նախարարը:
  • Տարածել