ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ՕՀԱՆՅԱՆԻ ԵԼՈւՅԹԸ` ՀՀ ԶՈւ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ

27 Հունվարի, 2009 00:00
Մեծարգո´ պարոն Նախագահ Հայաստանի Հանրապետության,
պարոնա´յք գեներալներ և սպաներ,
հարգարժա´ն հյուրեր,
տիկնա´յք և պարոնա´յք

Հունվարի 28-ին հայ ժողովուրդը մի առանձին հպարտությամբ և շուքով նշում է ազգային բանակի կազմավորման տարեդարձը, որն այս տարի արդեն 17-րդն է: Ցանկացած պետության մեջ անչափ մեծ է բանակի դերը` որպես պետության կայունության, պետականության հիմքերի ամրության ու պաշտպանվածության գրավական: Մեր երկրի համար բանակի նշանակությունն առավել քան կարևոր է, քանզի Հայաստանի Ազգային բանակի ստեղծման պատմությունը նաև անկախ Հայաստանի կայացման պատմությունն է, և այն անցել է պատերազմի ու խաղաղության աներևակայելի փորձությունների միջով` այժմ էլ դառնալով երկրի խաղաղության միակ երաշխավորը տարածաշրջանային հակամարտությունների ու լարվածության պարագայում: Ղարաբաղյան պատերազմի բոցերի միջից հեռավոր մի երազ էր թվում, որ հայրենիքի սահմանները պաշտպանող մարտական ջոկատները երբևէ կվերաճեն մարտունակ ու կանոնավոր Ազգային բանակի: Այսօր դա անվիճելի փաստ է` արձանագրված հազարավոր հայորդիների անմնացորդ նվիրումի ու ծառայության շնորհիվ: Այս առումով դժվար է գերագնահատել հայ մարտիկի սխրանքը, քանզի կարելի է ասել, որ արվեց առավելագույնը և գրեթե անհնարինը: Սխրանքը երբեք չէր կայանա, եթե պետության համար օրհասական պահին պատերազմը յուրաքանչյուր հայ մարդ չհամարեր իրենը: Ազգային ազատագրական պայքարի սկզբում` նախ զինված ընդհարումների, ապա լայնամասշտաբ մարտական գործողությունների տարիներին, շատերն իրենց պարտքն էին համարում նյութապես կամ բարոյապես աջակցել կամավորական ջոկատներին, իսկ հետագայում նաև կանոնավոր բանակի ստորաբաժանումներին: Հիրավի, դա համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր: Ի պատասխան այդ զոհողությունների` բանակն իր ստեղծման օրվանից ի վեր ոչ մի անգամ, նույնիսկ պատերազմական օրհասական պահերին չերերաց. հայ զինվորը ոգու տոկունությամբ, անսասան հավատով և զենքի ուժով վավերացրեց մեր ժողովրդի դարավոր բաղձանքը` ապրել ազատ և անկախ, լինել ուժեղ և անպարտ, ազատությունը նվաճել և ոչ թե մուրալ, խաղաղությունը պարտադրել և ոչ թե առաջարկել: Այսօր, 17-ամյա հեռավորությունից արժևորելով բանակի անցած ուղին, կարող ենք վստահաբար արձանագրել, որ զինված ուժերը հաստատակամորեն շարունակում են լրացնել հայոց զինական ուժի փառքի հերոսամատյանը, հուսալիորեն պաշտպանում են Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների անառիկությունը: Սակայն հարևան Ադրբեջանում շարունակում են Արցախյան ազատամարտում իրենց ռազմական խամրած հեղինակությունը նոր պատերազմ սանձազերծելու ճանապարհով վերականգնելու հույսեր փայփայել` համառորեն չցանկանալով ընդունել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծման միայն մեկ ճանապարհ ունի. դա քաղաքական երկխոսության ուղին է: Ի հակակշիռ քաղաքական տարբեր շահարկումներին, արտաքին և ներքին զանազան ճնշումներին` ՀՀ քաղաքական ղեկավարության հետևողական ջանքերն աներկբա հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի իրավացիությունը և իրատեսությունը: Այդուհանդերձ, նավթային դոլարներով հայկական բանակի նկատմամբ էական ռազմական առավելության հասնելու, Արցախի հիմնախնդիրը զենքի ուժով լուծելու հակառակորդի հոխորտանքները շարունակվում են` երբեմն վերածվելով զինված միջադեպերի, որոնք արժանացել են հայկական կողմի արժանի հակահարվածին: Բավական է միայն հիշատակել 2008թ. առավել քան խոսուն դեպքերը` Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մերձակա պաշտպանական դիրքերի ուղղությամբ մարտի 3-ին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված աննախադեպ հարձակումը, հունիսին Չինարի գյուղի ուղղությամբ իրավիճակի սրումը հակառակորդի կողմից և մարտական դիրքերի, խաղաղ բնակչության գնդակոծումը, նոյեմբերի 16-ին Հադրութի շրջանում դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը, որոնք բոլորն էլ ամոթալի ելք են ունեցել ադրբեջանական կողմի համար: Բանակաշինության անցած 17 տարիները, իրավամբ, հսկայածավալ աշխատանքի ժամանակաշրջան են եղել: Սակայն հարաբերական խաղաղության, առկա և հնարավոր մարտահրավերների պայմաններում բանակին առնչվող ցանկացած խնդրում ինքնահանգստացումն առավել քան անթույլատրելի է: Այս նկատառումով էլ, արտաքին սպառնալիքներին համարժեք պաշտպանական բնույթի հակաքայլերի կանխատեսումն ու մշակումը, զինված ուժերի կատարելագործումը, բարեփոխումների անընդհատության ապահովումը տակավին շարունակում են մնալ պետական շինարարության գերակա խնդիրներից: 2007 թվականից գործողության մեջ դրված պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2008 թվականին շարունակվեցին Անկախ Պետությունների Համագործակցության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հետ ռազմական դաշինքի ամրապնդման, ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման, բանակի հանդերձավորման, սպառազինության արդիականացման, զորքերի բնակավորման, հասարակական կազմակերպությունների հետ կապերի խորացման աշխատանքները: Հատկապես իրավական-կազմակերպչական լուրջ միջոցառումներ իրականացվեցին պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Մասնավորապես գործողության մեջ դրվեցին «Պաշտպանության մասին», «Հատուկ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքները, ՀՀ կառավարության որոշմամբ տարանջատվեցին և հստակեցվեցին պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի գործառույթները և լիազորությունները: Ցանկանում եմ հատուկ նշել, որ 2008 թվականին առաջընթաց գրանցվեց միջազգային ասպարեզում ՀՀ Զինված ուժերի վարկանիշի աճի առումով: Անցյալ տարի Իրաքում և Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղարար գործողություններում իրենց զինվորական-մասնագիտական բարձր վարկը հաստատեցին մեր խաղաղապահ գումարտակի զինծառայողները: Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունների անդամ երկրների, ՆԱՏՕ-Հայաստան ռազմական համագործակցության շրջանակներում անցկացված «Ռուբեժ-2008», «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր-2008» զորավարժություններում հայկական կողմի ստորաբաժանումների անձնակազմերը ցուցաբերեցին անհատական մասնագիտական խորը պատրաստվածություն, բարոյակամային բարձր որակներ և մարտական ոգի` արժանանալով զորավարժությունների միացյալ հրամանատարության ու օտարերկրյա զինվորական դիտորդների բարձր գնահատականին: Նախորդ տարում շարունակվեց կատարելագործվել զորամիավորումների, զորատեսակների և նրանց ստորաբաժանումների մարտական, զորահավաքային, շտաբային ու հրամանատարական պատրաստությունը, զգալի աշխատանքներ իրականացվեցին առաջնային գծի ինժեներական կահավորման ուղղությամբ, ինչն իր անխուսափելի դրական ազդեցությունն ունեցավ մարտական հերթապահության իրականացման որակի վրա: Զորամասերի հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են եղել զինծառայողների ուսուցման ու դաստիարակության, զինվորական կարգապահության, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի արմատավորման հարցերը: Բանակի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ազնիվ գաղափարներով թրծված, իր գործին անմնացորդ նվիրված, բարեկիրթ ու արհեստավարժ հայ սպայի կերպարի ձևավորմանը: Հերոսական այնպիսի վարմունքների, ինչպիսին գրանցվեց անցած տարվա դեկտեմբերին, երբ հրամանատարը` պաշտպանելով ենթակա զինվորին նռնակի բեկորներից, իր մարմնով ծածկել էր նրան, ամեն օր չես հանդիպի, և, ուզում եմ հավաստել, որ հաղթում է այն ժողովուրդը միայն, որի ռազմիկը խաղաղ պայմաններում, առօրյա կյանքում էլ է ընդունակ սխրանքի: Բանակի հանդեպ իշխանության հոգածության, հսկայական ֆինանսական հատկացումների շնորհիվ ավելի բարելավվեցին զինվորների ծառայության, կենցաղի, հանգստի և ժամանցի պայմանները: Ինչպես նախորդ տարիներին, 2008 թվականին ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրների լուծմանը: Միայն 2008 թվականի ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում շահագործվել և զինծառայողներին է հանձնվել ժամանակակից բոլոր հարմարություններով 734 բնակարան, զոհվածների ընտանիքներին, անօթևան, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ զինծառայողներին` բնակարան ձեռք բերելու նպատակով, հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում: Զոհվածների և հաշմանդամների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների համար կառուցվել է 10 առանձնատուն: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` հանրապետության ղեկավարության հավաստմամբ սոցիալական ուղղվածության ծրագրերը բանակում այսուհետ էլ շարունակական են լինելու: Եվ հենց նման միջոցառումների անցկացման ու նաև տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ու կապերի ամրապնդման շնորհիվ մենք այսօր կարող ենք փաստել, որ տարեցտարի զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահությունն էլ ավելի է ամրապնդվում: Մեր ազգային բանակը ստեղծվել է մաքառումների, հայ քաջորդիների թափած արյան գնով: Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում մեր զոհված ընկերների հիշատակի առջև: Եվս մեկ անգամ երախտագիտությամբ հիշենք նրանց բոլորին` անուն առ անուն, ովքեր, հանուն հայրենյաց սահմանների պաշտպանության, չխնայեցին ամենաթանկը` սեփական կյանքը: 2009 թվականին ևս, ողջ զինված ուժերի համար` հրամանատարից մինչև զինվոր, սպասվում է ամենօրյա ջանադիր ծառայություն, հաստատակամություն ու նվիրում, չթուլացող եռանդ ու աշխատասիրություն: Այս առումով ուզում եմ նշել, որ մենք գիտակցում ենք եղած հաջողություններով հրապուրվելով մոռացության գիրկը չընկնելու ու «դափնիների վրա չնիրհելու» կարևորությունը` ձեռքբերումները բազմապատկելու, իսկ առկա բացթողումները վերացնելու համար: Ինչպես դիպուկ ասված է` «բանակի օրը սկսվում և չի ավարտվում»: Հայ զինվորականի սրբազան պարտքն է հավատարիմ մնալ իր պատմական առաքելությանը, ծառայել ու ապահովել հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը: Այդ պարտքի կատարման խորը գիտակցումով պետք է սկսվի և շարունակվի հայոց հաղթանակած բանակի յուրաքանչյուր օրը: Ջերմորեն շնորհավորելով բոլորիդ` Հայոց Բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ հավաստել, որ այս օրը ևս մեկ առիթ է` հիշելու ազգային բանակի երախտավորներին, և հանձին Գերագույն գլխավոր հրամանատարի, հանձինս մեր բոլոր-բոլոր զինակիցների` մեծարելու այն մարդկանց, ովքեր կանգնած են ազգային բանակի ստեղծման ակունքներում, որոնց ջանքերի ու անձնվեր աշխատանքի շնորհիվ են միայն կառուցվել մեր բանակի ամուր հիմնապատերը, որոնցից շատերի արյան գնով ենք մենք այժմ զգում պատերազմի ու խաղաղության բոլոր փորձությունները պատվով հաղթահարած բանակ ունենալու անհուն բերկրանքն ու հպարտությունը: Պատիվ և մեծարանք հայ զինվորին, հավերժ փա՜ռք հայրենիքի նահատակներին, ոգու կորով և անսպառ հավատ հայրենիքն ու բանակը հզորացնողներին: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան
  • Տարածել