Սուրեն Պապիկյանի և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով

6 Մայիսի, 2026 19:49
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։

Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։

Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները Երևանում։ Սուրեն Պապիկյանը Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել է այցելել Հայաստան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:

  • Տարածել