Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2025 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված քննարկմանը

2 Մարտի, 2026 15:55
Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2025 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված քննարկմանը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հանդիպմանը մասնակցության համար՝ ընդգծելով, որ ամփոփման ընթացքում բարձրացված խնդիրների քննարկումն ու դրանց լուծման ուղիների նախանշումը նպաստում են ՊՆ—դատախազություն համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Իր խոսքում նախարար Պապիկյանը կարևորել է պաշտպանության նախարարության ու դատախազության միջև հետևողական և համակարգված համագործակցության շարունակականությունը՝ այն դիտարկելով որպես կարգապահության ամրապնդման և կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված, առավել կազմակերպված բանակի ձևավորման կարևոր նախապայման։

Հանդիպման ընթացքում զինվորական դատախազության 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։

Քննարկման ավարտին կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք առանցքային հարցերի, մտքեր են փոխանակել համագործակցության զարգացման ձևաչափերի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։

  • Տարածել