Կրթության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով ստորագրվել են հուշագրեր

2 Փետրվարի, 2023 22:37
Կրթության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը հուշագրեր է ստորագրել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ։
Համագործակցության շրջանակում համալսարաններն իրականացնելու են ուսանողների, դասախոսների ու հետազոտողների ակադեմիական փոխանակում, վերապատրաստում, մասնագիտական պրակտիկայի, դասախոսությունների անցկացում՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող գիտական և մանկավարժական կադրերի ու մասնագետների պատրաստմանը։
Ըստ ստորագրված հուշագրերի՝ կողմերի միջև կքննարկվեն ատենախոսությունների գիտական թեմաներ, կիրականացվեն մագիստրոսական թեզերի ղեկավարում և թեմաների հաստատում, կկազմակերպվեն համատեղ գիտական կոնֆերանսներ, կհրատարակվեն համատեղ գիտական աշխատանքներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև մեթոդական աջակցության, մասնագիտական փոխօգնության և խորհրդատվության, մագիստրոսական կամավոր աշխատանքների հնարավորությունները, համատեղ ամառային դպրոցների կազմակերպումը և այլն։

  • Տարածել