Անցկացվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների ԱՀՏԱ մարմինների ղեկավարների Կոմիտեի նիստը

26 Օգոստոսի, 2022 14:26
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) 2022թ. պլանի համաձայն` օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստը:
Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նիստի ընթացքում Կոմիտեի քարտուղար է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ – ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, ով ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև անձնակազմի հետ տարվող աշխատանքի ոլորտում իրականացվող միջոցառումները, կարևորել դրանց շարունակականության և զարգացման ապահովումը:

Նիստի մասնակիցների հավանությանն է արժանացել ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանի ներկայացրած տեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունների մասին:

ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստում ընդունվել են որոշումներ՝ ուղղված զինծառայողների հետ տարվող աշխատանքների ոլորտում բազմակողմ ռազմական համագործակցության համակարգի զարգացմանը:

  • Տարածել