Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս

31 Դեկտեմբերի, 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։ «Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առիթով: Մաղթում եմ ձեզ պատվով և անփորձանք ծառայություն: Խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել շնորհավորանքներ` իմ և կառավարության անունից ու մաղթել լավագույնը 2022 թվականին: Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տներ ու ձեր օջախներ», - նշել է վարչապետը և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի:
 

  • Տարածել