Կայացել են հայ-հունական ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները

15 Ноября, 2016 18:49
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են համատեղ վարժանքներ և կրթական ծրագրեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման միջոցառումներ:

Բանակցությունների ամփոփման նպատակով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցությունների արդյունքները և պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության մակարդակը:

Բանակցությունների և հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Поделиться