Նոր տարին սպաները կնշեն նոր բնակարաններում

26 Декабря, 2015 18:32
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ:

Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում և արվում  է հնարավորը ամենը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ մնալով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը անցկացրեց բնակելի շենքի տնօրհնեքի արարողությունը:

 Խորհրդանշական կարմիր ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը Սեյրան Օհանյանը  իրականացրեց բնակարանամուտը տոնող  սպաների երեխաների հետ միասին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, սպաներին և նրանց ընտանիքի անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց արգասաբեր և հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:

  • Поделиться