Թաթուլ Կրպեյան

Թաթուլ Կրպեյան

Ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին գ. Արեգ (այժմ՝ գ. Թաթուլ, Թալինի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ): 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1986թ.-ից «Միացում» կազմակերպության անդամ: 1990թ. սեպտեմբերից պատմության և աշխարհագրության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցներում: Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար՝ 1990թ. սեպտեմբեր -1991թ. ապրիլ: 1991թ. ապրիլի 30-ին խորհրդային զորքերի և ադրբեջանական օմօն-ի համատեղ կազմակերպած և իրականացրած «Օղակ» («Կոլցո») գործողության ժամանակ, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր, Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին, 17 խորհրդային սպաների և ադրբեջանցի օմօնականների: Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում բանակցությունների ժամանակ: ՀՅԴ անդամ (1990թ.):

Թ. Կրպեյանի անունով են կոչվում դպրոցներ` Երևանում ՝ թիվ 62 ավագ, Թաթուլ գյուղում, Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց` Թալինում, լսարան` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, դասարաններ՝ Երևանի, Գյումրիի, Արարատի մարզի դպրոցներում, զբոսայգի Երևանում (Նոր Նորքի 1-ին զ.), ՀՅԴ կազմակերպություններ, ԵՊՀ-ում սահմանվել է նրա անվան կրթաթոշակ: Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993), «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» (Եր., 2016, հեղ.՝ Ի. Բարսեղյան-Կրպեյան) պատմագիտական աշխատությունը: Թաղված է Թաթուլ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: Հայաստանի ազգային հերոս (20.09.1996, հետմահու): Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով (20.09.1996, հետմահու):