Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական համալսարանի համագործակցության մասին հուշագիր

15 Նոյեմբերի, 2018
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:

Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի   ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել են, որ այսկերպ  օրենսդրական հիմք  են ստանում մի շարք կարևոր դրույթներ: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ,  ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ  կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը:

Հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները հա­մա­րվում են  բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման,  ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ:

  • Տարածել