Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալել է մարզիկ-զինծառայողներին

19 Հոկտեմբերի, 2018 16:28
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ընդունել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկ-զինծառայողներին և թիմի մարզիչներին:

Զրույցի ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները ներկայացրել են զինծառայություն անցնող և միջազգային հեղինակավոր մրցաշարերում աչքի ընկած մարզիկների ներուժն արդյունավետ օգտագործելու խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները:

Կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտային հաջողությունների շնորհիվ մեր երկրի և զինված ուժերի հեղինակության շարունակական բարձրացումը՝ Դավիթ Տոնոյանը պատկան մարմիններին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման աշխատանքները;

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի կողմից անցկացված առաջնությանը մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պարգևատրել է ՀՀ ՊՆ հավաքական թիմի անդամ զինծառայողներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին;

Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մասնակցել են 22 պետությունների 153 մարզիկներ, այդ թվում` օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Հայ մարզիկ-զինծառայողնեն առաջնությանը նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին կարգի միջազգային մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

  • Տարածել