Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը հետևել են կրակային զորավարժության ընթացքին

29 Ապրիլի, 2018 00:00
Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Զորավարժության նպատակն էր փորձարկել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերված ռազմատեխնիկական նոր, գերժամանակակից միջոցների հնարավորությունները, կատարելագործել անձնակազմի մարտավարամասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները՝ առաջադրված ուսումնամարտական խնդիրները ժամանակին և գերազանց կատարելու համար:

Զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ զինանոցի համալրման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, նպաստելով հայկական զինուժի առավել արդիանացմանը:

4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Երևանում և մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն և հետևողական՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման և ծառայության կազմակերպման հարցերում՝ խիստ ուշադրություն կենտրոնում պահելով զինաձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը և կանոնադրային հարաբերությունները:

Այնուհետև Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են Սիսիան քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Քննարկվել են քաղաքացիական որոշ հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորման, բուժսպասարկման որակի բարելավման հարցերը:

  • Տարածել