Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արցախում է
17 Հուլիսի, 2017 19:18Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:
Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:
Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել: