Զինված ուժերում մեկնարկում են ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ

10 Հունիսի, 2016
Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով ներգրավված էին բանակային զորամիավորումների, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի զինված ուժերի փոխհագործակցության ու գործողությունների համադրման շրջանակում՝ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում մեկնարկելիք ամփոփիչ ստուգումների նախապատրաստական միջոցառումների հստակեցմանը և ստուգումներին ներգրավված սպայակազմի հրահանգավորմանը:

Ամփոփիչ ստուգումների հետ կապված և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջադրել է որոշակի խնդիրներ ու հորդորել ստուգումներին ներգրավված սպայակազմին լինել խիստ հետևողական և պատշաճ իրականացնել նախատեսված աշխատանքները՝ առավելագույն ուշադրություն դարձնելով մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության, զինծառայողների զգոնության ու կարգապահության ամրապնդման միջոցառումների, անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, մարտական հերթապահության կազմակերպման, առաջնագծում կատարված ինժեներական ու ամրաշինական աշխատանքների և առհասարակ առաջին ուսումնական փուլի շրջանակում զինված ուժերի պատրաստության պլանով իրականացված տարաբնույթ այլ միջոցառումների արդյունքների գնահատմանը:

  • Տարածել