Կայացել է հանդիպում ԻԻՀ ՊՆ և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալի հետ

18 October, 2016 14:02
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ ՊՆ և ԶՈւ աջակցման նախարար, բրիգագի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նույն օրը կայացել է նաև ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և համապատասխան ոլորտների մասնագետներ: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: