Հայաստանում է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը

21 July, 2016 19:22
Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ: