Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան

26 Марта, 2010 00:00
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով մարտի 26-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չեխական համագործակցության ներկա ընթացքն ու հեռանկարները: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային անվտանգության կառույցների շրջանակներում: Որպես համագործակցության փոխշահավետ ոլորտներ մատնանշվել են ռազմաարդյունաբերության, միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության և այլ բնագավառները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ այցելությունների կազմակերպման, փորձի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Սեյրան Օհանյանը և Մարտին Բարտակը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Նույն օրը Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Զրուցակիցները կարծիք են հայտնել, որ երկու երկրներն եվրոպական և եվրաատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, Մ. Բարտակի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները: Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Երևանում ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է ստեղծում: ՀՀ նախագահը, ի դեմս փոխվարչապետ Մարտին Բարտակի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար: Այցի ընթացքում Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակը այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեխական պատվիրակության կազմում ընդգրկված գործարարների և ռազմարդյունաբերական ոլորտի պատասխանատուների խումբը այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական գործարաններ, ծանոթացել ոլորտի հնարավորություններին: Պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանի և համապատասխան վարչությունների պետերի հետ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: Մարտի 26-ի երեկոյան Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երևանից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться