ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում զինհաշմանդամների համար

5 Декабря, 2017 16:34
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում զինհաշմանդամների համար:

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին:

Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: 

Մարզական միջոցառման ավարտին, տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգևատրել է  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրանց մաղթելով ոգու արիություն և առողջություն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են և արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերին լուծում տալու, զինհաշմանդամների սոցիալ-կենղաղային հոգսերը թեթևացնելու համար:

  • Поделиться