Ավարտվել է «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը

13 Октября, 2017 21:02
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 13-ին անցկացվել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ` կրակային փուլը:

Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքում հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացված  ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն էր: Զորավարժության հիմնական նպատակը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումն էր ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ընդհանուր ղեկավարմամբ: Զորավարժության ընթացքում կարևորվել է ՀԱՊԿ զորքերի` հավաքական ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործումը, հավաքական և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը առաջադրված խնդիրների կատարման ընթացքում:

«Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքում ստուգվել է ուսումնական-մարտական խնդիրների կատարման ժամանակ հավաքական և տարածաշրջանային զորախմբերի ղեկավարման արդյունավետությունը, կատարելագործվել են ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածությունը և ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակը:

Զորավարժության մտահղացման համաձայն` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համակազմերն ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումներն իրականացրել են  հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման և ոչնչացման, պատանդների ազատման, պետական սահմանի պաշտպանության ուսումնական-մարտական խնդիրներ և գործողություններ:

Զորավարժության եզրափակիչ փուլին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի մոտոհրաձգային, հրետանային, օդադեսանտային, ոստիկանական, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումներ:   Մարդասիրական առաքելությամբ զորավարժությանը մասնակցել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: «Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված էր ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Զորավարժությունն անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ:

  • Поделиться