Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները

11 Октября, 2016 16:59
ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում` եզրափակիչ փուլում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Զորավարժության նպատակն էր ստուգել մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերման ժամանակ զորամասի վարչակազմի և ստորաբաժանումների պատրաստվածությունը, կատարելագործել հրամանատարներին գործնական հմտություններն ու ունակությունները պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ժամանակ:

Զորավարժության մտահղացման համաձայն` զորային հրաձգարանում խաղարկվել են պաշտպանողական մարտի և հարձակման նախապատրաստման ու վարման, ինչպես նաև հարձակման համար ելման շրջանների զբաղեցման գործողություններ` պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Ամփոփելով զորավարժության արդյունքները` զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը կարևորել է նման վարժանքների նշանակությունը զորքերի մարտական պատրաստության աստիճանի առավել բարձրացման ու ամրապնդման ուղղությամբ և փաստել է, որ զորավարժության ներգրավված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:

  • Поделиться