ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Ալիևի ռազմական սադրանքը համաժամանակացված է Մեդվեդևի խաղաղ նախաձեռնությանը
2010-06-22
Մեր զրուցակիցը Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ռազմական քաղաքականության և անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանն է: – Դոկտոր Քոթանջյան, ըստ Ձեզ` ինչպե՞ս են հարադրվում Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևի մեկնումը և ժամանակային առումով դրա հետ համընկած` Ղարաբաղում կրակի դադարեցման գծից այս կողմ ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն արտագրոհը: – Նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ռուսական պետության ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը շուտափույթ լքեց Սանկտ Պետերբուրգը, որպեսզի Ռուսաստանի տարածքում չպատասխանի կրակի դադարեցման գծում երեք պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից մի քանի ժամ անց իր իսկ հրահանգով սանձազերծված ռազմական սադրանքի մասին հարցերին: Ադրբեջանում գործող սուլթանական ռեժիմի պայմաններում բացառվում է, որ ռազմական նման սադրանքը, որը, մանավանդ, զուգադիպել է Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնության հետ, ստացած չլինի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը: Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական զինված սադրանքը համաժամանակացված է ոչ միայն նախագահ Մեդվեդևի պետերբուրգյան խաղաղ նախաձեռնությանը, այլև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, որը վերջերս Բաքու բերեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և որում նույնպես հաստատված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը: Ադրբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ նման արհամարհական վերաբերմունք է դրսևորում Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնությունների հանդեպ: Մոտավորապես մեկ տարի առաջ հանրության ուշադրությունը բևեռված էր Ղարաբաղը վերադարձնելու համար պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Չաթթամ Հաուսում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որը հակասում էր դրանից ոչ շատ առաջ իր իսկ ստորագրած Մայնդորֆյան հռչակագրին, որի նախաձեռնողը նախագահ Մեդվեդևն էր:
– Պարոն գեներալ, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկար ունի Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների վերաճումը նոր պատերազմի:  

– Հաշվի առնելով սպառազինությունների` Ադրբեջանի պարտադրած ցուցադրական մրցավազքին միջազգային հանրության լուրջ հակազդեցության բացակայությունը և ԵՍՍՊ-ով (Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով) թույլատրված` սպառազինության առավելագույն քանակի բազմակի գերազանցումը` չի կարելի բացառել, որ նախագահ Ալիևի ռևանշիստական կոչերն ու նրա ղեկավարությամբ հղացված ռազմական սադրանքները կվերաճեն ղարաբաղյան նոր պատերազմի: Տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա նման քաղաքականության աղետալի ազդեցությունն ակնհայտ է Վրաստանում ողբերգական հայտնի իրադարձությունների օրինակով:  

– Նախագահ Սարգսյանը Բրյուսելում խոսել է Երևանի` այնպիսի զենք ունենալու մասին, որին կարող են նախանձել չափերով Հայաստանին բազմակի գերազանցող երկրները: Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծվելու դեպքում ի±նչ հակազդեցության կարող է դիմել Հայաստանը:  

– Ձեր հարցին պատասխանելու համար նպատակահարմար է սովորական սպառազինությամբ պատերազմի նկատմամբ կիրառել մի մոտեցում, որը մշակել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Մակնամարան` Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Այդ մոտեցման հիման վրա ձևակերպվել է ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը և նրանց ղեկավարած ռազմական դաշինքները երաշխավորված փոխադարձ ոչնչացմամբ ջերմամիջուկային պատերազմից զերծ պահելու ռազմավարությունը: Մակնամարայի թիմը տվյալ սկզբունքը բանաձևել է որպես պատերազմ նախաձեռնողին «անընդունելի վնասի» («unacceptable damage») պատճառում:  

Բարձր գնահատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպատակամիտված ջանքերը` հայկական կողմը միևնույն ժամանակ բոլոր հիմքերն ունի նախագահ Ալիևին զգուշացնելու, որ Ղարաբաղում նոր պատերազմի սանձազերծումը կհարկադրի հայկական կողմին անընդունելի վնաս պատճառել Ադրբեջանին` Մակնամարայի սկզբունքին համապատասխան: Եւ Արևելյան Անդրկովկասի մեր հարևանները պետք է գիտակցեն, որ օրինական ճանապարհով ինքնորոշված Ղարաբաղի նկատմամբ իրենց իշխանությունների երկրորդ ռազմական արկածախնդրությանն ի պատասխան` իրենց համար անընդունելի այդ վնասը կհասցվի անհապաղ և ամբողջ ուժով:  

– Ղարաբաղյան խնդրի լուծման համար ինչի՞ հիման վրա կարող է կիրառվել «ուժ չգործադրելու, ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության» սկզբունքների եռամիասնությունը:  

– Նշված սկզբունքների կառուցողական համադրման հիմք կարող է դառնալ Ադրբեջանի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ-պետություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից իրավական այն փաստի ճանաչումը, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս է եկել «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան: Այս իրավական և քաղաքական փաստը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը:  

Խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետություններն իրենց միջնորդական գործունեության համար որպես հիմք ընդունեն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման անիրավականությունը` 1991թ. Ադրբեջանից օրինական ճանապարհով անջատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նրա կազմում համարելու դեպքում:  
Այսպիսով, որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք պետք է ընդունել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով ԽՍՀՄ պաշտոնական ցրումից առաջ` 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում օրինական հանրաքվե հաջողությամբ անցկացնելու իրավական փաստը և Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում երկու անկախ պետությունների` ԱՀ և ԼՂՀ ստեղծումը: Օրինական հանրաքվեի, որին մասնակցելու հրավերը ադրբեջանական փոքրամասնությունը 1991թ. մերժեց Բաքվի իշխանության ցուցումով:  

Զրույցը վարեց ՀՀ ՊՆ լրատվության և տեղեկատվական քաղաքականության բաժնի պետ ՄՈՒՇԵՂ ԱՂԵԿՅԱՆԸ
|
Այլ նորություններ
2013-05-18
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:

2013-05-17
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:

2013-05-17
Մամուլի հաղորդագրություն
«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:

2013-05-16
Հայտարարություն
2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:

2013-05-16
Մամուլի հաղորդագրություն
15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

2013-05-13
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:


2013-05-07
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

2013-05-04
Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին
Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:

2013-05-03
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  185
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝