Ընդունելության կարգը

«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույնով սահմանվում է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի (այսուհետ՝ վարժարան) ընդունելության կարգը:
  2. Վարժարանի ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հուլիս-օգոստոս ամիսներին:
  3. Վարժարանի ընդունելությունը կազմակերպում է վարժարանի պետը:
  4. Վարժարանի ընդունելության գործընթացը վերահսկվում է վարժարանի հոգաբարձուների խորհրդի կողմից:

ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Վարժարանի ընդունելությունը կազմակերպելու համար յուրաքանչյուր տարվա մինչև մարտի15-ը վարժարանի պետի ղեկավարությամբ ստեղծվում է ընդունելության հանձնաժողով:

Ընդունելության հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամները,   ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներից, գործընկեր կրթօջախներից, ինչպես նաև հրավիրյալ անկախ մասնագետներ:

Վարժարանի ընդունելության հանձնաժողովի և քննական մասնագիտական հանձնախմբերի կազմերը հաստատում է վարժարանի հոգաբարձուների խորհուրդը:

Ընդունելության կազմակերպման և անցկացման ընթացքում շահերի բախման, կողմնակի միջամտությունների, մրցութային կարգին խոչընդոտող այլ հանգամանքներ ի հայտ գալու պարագայում անցանկալի շահարկումները բացառելու, կողմնակի դիտորդի մոտ անհարկի կասկածներ չառաջացնելու նպատակով  հանձնաժողովի և քննական մասնագիտական հանձնախմբերի անդամները որոշումների կայացմանը չեն մասնակցում կամ ինքնաբացարկ են ներկայացնում: Ինքնաբացարակ ներկայացնողը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ փոխարինվում է այլ անդամով:

Վարժարանի ընդունելության հանձնաժողովի նախագահը մինչև տվյալ տարվա մարտի 20-ը մամուլով և հեռուստատեսությամբ հայտարարում, ինչպես նաև վարժարանի ու ՀՀպաշտպանության նախարարության կայքերում տեղադրում է վարժարանի ընդունելության մասին տեքստը:

Վարժարան ընդունելության մասին հայտարարության տեքստում ներառվում են դիմումատուի դիմումի ձևանմուշը, ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ընդունելության քննությունների անցկացման վայրը, քննակարգը, ժամանակացույցը, վարժարանի ու սովորողի ծնողի միջև կնքվող պայմանագրի  նմուշը, որում ամրագրված են վարժարանի, սանի և ծնողի իրավունքներն ու պարտականությունները:

Վարժարան ընդունվելու համար կարող են դիմել միայն հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները, ում տարիքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցում 15 տարին:

Վարժարան ընդունվել ցանկացող դիմորդները և նրանց ծնողները (նրանց փոխարինող անձինք՝ ծնողների կողմից լիազորված անձ, խնամակալ) վարժարանի պետի անունով ներկայացնում են համատեղ դիմում:

Վարժարանի ընդունելության համար փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիմորդները ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալներում` ըստ բնակության վայրի, անցնում են բժշկական անվճար զննում՝ սպաների համար նախատեսված չափորոշիչներով, որոնց չհամապատասխանելու դեպքում դիմորդները դուրս են մնում  ընդունելության հետագա գործընթացից:

Բժշկական զննման  արդյունքներով սահմանված չափորոշիչներին համապատասխանող դիմորդները հանրակրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման նպատակով մրցութային կարգով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից մասնակցում են թեստավորման, որն անց է կացվում 20 միավորային համակարգով: Հարցաշարերը կազմվում են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերի չափորոշիչներին  համապատասխան՝ լրացուցիչ ներառելով նաև դիմորդների լեզվամտածողության, խոսքի մշակույթի, տրամաբանության, վերլուծական մտածողության ստուգման առաջադրանքներ:

Ընդունելության վերջին փուլում դիմորդների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունն ստուգելու նպատակով անցկացվում է մարզահոգեբանական ստուգարք՝ եռօրյա ճամբարային հավաքի կարգով:

Առարկայական թեստավորման և մարզահոգեբանական ստուգարքի ընդհանուր գումարային միավորի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած դիմորդներն ընդունվում են վարժարան: Անցողիկ շեմը սահմանում է քննական հանձնաժողովը:

Բժշկական զննության և առարկայական թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դրանք հրապարակելուց հետո 24 ժամվա ընթացքում: Մարզահոգեբանական ստուգարքի արդյունքները մեկնաբանման և բողոքարկման ենթակա չեն:

Վարժարանի ընդունելության ընթացքում հավասար արդյունքներ ցուցաբերած դիմորդներից նախապատվությունը տրվում է հետևյալ առաջնահերթությամբ՝

  • Ռազմամարզական այլ վարժարաններից հայտեր ներկայացրած դիմորդներին,
  • Հայաստանի ազգային հերոսների, Արցախի հերոսների, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ»  առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվածների ընտանիքի անդամներին,
  • Մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) կամ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի անդամներին,
  • Մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներին,
  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ-ից քաղաքացիական հատուկ ծառայության անցած ծառայողների, պահեստազորի զինծառայողների ընտանիքի անդամներին:

Ընդունող հանձնաժողովը կարող է սահմանել դիմորդների սպասման ցուցակ, որն ուժը կորցնում է սեպտեմբերի 15-ին:

Վարժարանի ընդունելության արդյունքները քննարկվում և ամփոփվում են ընդունելության հանձնաժողովում, որի արդյունքում կազմվում է ընդունելության մասին որոշում: Ընդունելության հանձնաժողովի որոշումը ենթակա չէ քննարկման և փոփոխության:

Վարժարանի ընդունելության հանձնաժողովի որոշման հիման վրա վարժարանի պետը ծնողների (օրինական ներկայացուցչի) հետ կնքում է վարժարանում սանի ուսումնառության մասին պայմանագիր և ընդունված քաղաքացիներին հրամանագրում է որպես վարժարանի սան: